Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովում Հայաստանի նախագահության շրջանակում Հանձնաժողովի հերթական 13-րդ նիստն այս տարի` մարտի 5- 6-ը, կանցկացվի Երևանում։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ նիստին ներկա կլինեն «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից 13 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նախատեսվում է հաստատել «ՏՐԱՍԵԿԱ»-ի մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի` 2016-2026 թվականների համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը, հնգամյա ժամկետի համար տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը:
Միաժամանակ, միջկառավարական հանձնաժողովի կողմից կհաստատվի «ՏՐԱՍԵԿԱ»-ի ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը:
Նիստի ընթացքում նախատեսվում է անցկացնել «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի ընտրությունները, քննարկել ֆինանսավորման, ինչպես նաև հերթական 14-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը:
Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին անդամակցում է 1993 թվականից: Վերջին անգամ Հայաստանում Հանձնաժողովի նիստն անցկացվել է 2003-ին։