«Կառավարման նոր համակարգը ոչ թե պառլամենտական է, այլ՝ սուպերվարչապետական». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյան, արխիվ

Կառավարման նոր համակարգով այն դերակատարումը, որը պետք է ունենա խորհրդարանը, չի ունենալու, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դա ոչ թե պառլամենտական համակարգ է, այլ՝ սուպերվարչապետական։

Մարուքյանի համոզմամբ, ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի ձեռքում։

«Գործադիր իշխանությունն ամբողջությամբ ղեկավարվում է վարչապետի կողմից։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ «այդ իշխանությունն ամբողջությամբ հակակշռված և փոխզսպված չէ, որովհետև պառլամենտը չունի համապատասխան լծակներ և մեխանիզմներ»։ Դրան է գումարվում պառլամենտի նաև այս վերջին շրջանի եղած դերակատարման թուլացումը, դրան է գումարվում այն նոր օրենքները, որոնք գալիս են, որոնք, օրինակ, վերաբերում են կառավարության նիստերի փակ լինելուն, որոնք վերաբերում են վարչապետին և կառավարությանն առընթեր մարմիններին։ Գիտեք՝ Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է այլևս դառնում, հիմա կառավարությանն առընթեր մարմին է, ԱԱԾ-ն՝ վարչապետին ենթակա, վարչապետի վերահսկողական ծառայությունը՝ նորից վարչապետին ենթակա, և վերջինը՝ Պետական պահպանության ծառայությունը, որը նույնպես վարչապետին ենթակա ծառայություն է։ Այսինքն՝ անգամ դրանք կառավարությանն էլ հաշվետու չեն, եթե նայենք խորհրդարանական կառավարման համատեքստում, օրինակ՝ հարցուպատասխան խորհրդարանում, ոստիկանապետը գա խորհրդարան, չի լինելու նման բաներ, ինչպես որ չի եղել հիմա, բայց որ հիմա չի եղել, դա ուներ արդարացում, օրինակ՝ դե կիսանախագահական երկիր է, նախագահին է միանգամից ենթարկվում և այլն, բայց հիմա գործող Սահմանադրությամբ, որ մենք իբր թե անցնում ենք նոր համակարգով պառլամենտականի, մենք արձանագրում ենք, որ դա պառլամենտական չի, դա սուպերվարչապետական է, և պառլամենտը մեծ հաշվով այն դերակատարումը, որը պետք է ունենար, չունի», - ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այնքան ուժ է կուտակված գործադիր իշխանությունում, որ նախագահի իրավունքը հնարավոր է դառնա «պատրանքային իրավունք»։

«Նախագահը հսկելու է օրենքների սահմանադրականության հարցը, և եթե, իր կարծիքով, ինչ-որ օրենք է ընդունվել, որը սահմանադրական չէ, նա կարող է դիմել Սահմանադրական դատարան և չստորագրել, բայց այնքան ուժ է կուտակված գործադիր իշխանությունում, որ դա հնարավոր է դառնա պատրանքային իրավունք», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։ Մինչ այդ՝ մարտի 2-ին խորհրդարանը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին՝ յոթ տարի ժամկետով։

«Կիրակնօրյա վերլուծականի» փետրվարի 18-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.