Անկարայում Նիդերլանդների գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Թուրքիան արտգործնախարարություն է կանչել Անկարայում Նիդերլանդների գործերի հավատարմատարին՝ իր դժգոհությունը հայտնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խորհրդարանում շրջանառության մեջ դրված երկու օրինագծերի վերաբերյալ:

Նիդերլանդների իշխող չորս կուսակցությունները աջակցել են պահպանողական Քրիստոնեական միության առաջարկած այդ փաստաթղթերին, որոնց քվեարկությունը նախատեսված է առաջիկա շաբաթներին:

Օրինագծերից մեկը 1915 թվականի կոտորածները որակում է որպես ցեղասպանություն, երկրորդը կոչ է անում ապրիլի 24-ը Նիդերլանդներում պաշտոնապես ամրագրել որպես հիշատակի օր:

Արևմտյան լրատվամիջոցները փաստում են, որ այս նախաձեռնությունը էլ ավելի է սրել Թուրքիայի և Նիդերլանդների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները: Անցած տարի Ամստերդամն արգելել էր թուրք նախարարներին Նիդերլանդների տարածքում քարոզարշավ իրականացնել նախագահ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին, ինչից հետո Էրդողանը ֆաշիստ ու նացիստ էր որակել այդ երկրի իշխանություններին:

«1915 թվականի իրադարձությունների քաղաքականացումն ու դրանք պատմական ենթատեքստից դուրս ներկայացնելու փորձերն անընդունելի են», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ ընդգծելով՝ այս հարցի շուրջ հետագա զարգացումները ցույց կտան, թե արդյոք Ամստերդամն ուզում է բարելավել հարաբերություններն Անկարայի հետ: