Նեթանյահուն Իրանը համեմատում է Նացիստական Գերմանիայի հետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը «աշխարհի մեծագույն սպառնալիքն է» և կոչ է արել միջազգային հանրությանը դիմագրավել Թեհրանի «ռեժիմին», որը «սպառնում է խաղաղությանը»:

Փետրվարի 18-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում` Նեթանյահուն քննադատել է 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել էր կրճատել իր միջուկային ծրագիրը՝ միջուկային պատժամիջոցների նվազեցման դիմաց: Իսրայելի վարչապետը պնդել է, որ համաձայնագիրը որևէ կերպ չի սահմանափակել Իրանին: Նեթանյահուն Իսլամական Հանրապետությունը համեմատել է Նացիստական Գերմանիայի հետ, պնդելով, որ Իրանի առաջնորդները ցանկանում են ոչնչացնել Իսրայելը:

Ելույթի ընթացքում Իսրայելի վարչապետը ցույց է տվել իր պնդմամբ՝ իրանական ԱԹՍ-ի մի բեկոր՝ պնդելով, թե այն խոցվել է անցյալ ամիս Իսրայելի օդային տարածքում: Դիմելով լսարանում նստած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին՝ Նեթանյահուն ասել է․ - «Սա Ձեզ ծանո՞թ է: Պետք է, որ ծանոթ լինի: Այն Ձերն է»: Նա հավելել է, թե Իրանը «չպետք է փորձի Իսրայելի համբերությունը»:

Ավելի ուշ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե Իսրայելի վարչապետի խոսքերը Իրանի հասցեին «արժանի չեն արձագանքի»: