Սերժ Սարգսյան. «Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից»

«Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից», ֊ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահը՝ պատասխանելով Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի հարցին։

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի ներկայացուցիչը, մասնավորապես, իր հարց֊հայտարարությունում պնդել էր, թե Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային զարգացման ծրագրերից։ ֊ «Եթե չլիներ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և եթե Ադրբեջանի տարածքները չլինեին Հայաստանի օկուպացիայի ներքո, եթե չլիներ էթնիկ զտումների քաղաքականություն Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, ապա հավանաբար այսօր Հայաստանը կկարողանար օգուտ քաղել այդ տարածաշրջանային ծրագրերից», ֊ նշել էր Ջաֆարովը։ ֊ «Այստեղ ես պետք է նշեմ, որ անձամբ ես ունեմ արմատներ Ղարաբաղից, այո, այդպես է, և Դուք պետք է անպայման հասկանաք, որ առանց հակամարտության լուծման, Հայաստանը չի կարողանա լիաժեք շահակից լինել տարածաշրջանում և չի լինի տարածաշրջանի ծրագրերի մասնակից, բացառությամբ, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվելիք տարածքներ: Ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցելու այդ ծրագրերին, և ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն»։

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել է. ֊ «Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: Բայց ուզում եմ սկզբից մի հարց տալ. հարցս մի քիչ հռետորական է` իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել:

Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը:

Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի:

Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Շնորհակալ եմ Ձեր այդ հարցաշարի համար»։

«Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերը հետևյալ հարցն է ուղղել Հայաստանի նախագահին. ֊ «2018 թվականն է, մենք գիտենք՝ որո՞նք են մարտահրավերները: Եթե մենք վերադառնալու լինեինք այստեղ մեկ կամ երկու տարուց ու հանկարծ պարզեինք, որ բանախոսների այս նույն կազմը շատ ավելի դրական է գնահատում Ռուսաստանի և Եվրոպայի ու վերջիններիս արանքում գտնվող երկրների միջև հարաբերությունները, ուրեմն ի՞նչ պետք է կամ կարող է տեղի ունենալ, որը մեզ թույլ կտար, որպեսզի ավելի լավ արդյունք ստանայինք այս կազմի քննարկումից»։

«Ես կարծում եմ` ավելի շուտ համոզված եմ, որ, իհարկե, այսպիսի քննարկումներ լինելու են մեկ տարի, երկու տարի հետո էլ, բայց եթե ես լինեմ այդպիսի քննարկման մասնակից, կհամոզվեմ և բարձրաձայն կասեմ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության հարաբերությունները շատ կառուցողական են դարձել, եթե այդ պարագայում նրանք լուծեին, օգնեին մեզ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սա կլիներ շատ կարևոր հանգամանք: Ինչպես ասացի` սա երևի այն եզակի եզրերից մեկն է, որով զբաղվում են Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Ռուսաստանը՝ ունենալով համանման ուղղություն: Սա կլիներ, իրոք, ապացույց` ապացույց ոչ միայն հայերի համար, ադրբեջանցիների համար, այլ ամբողջ աշխարհի», ֊ արձագանքել է Սերժ Սարգսյանը։

«Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերը հետևյալ դիտարկումն է արել՝ «Ընդ որում` ռուսներն ու թուրքերն այժմ նորից սկսել են սիրել միմյանց: Եվ ուրեմն` դուք ավելի շատ հնարավորություններ ունե՞ք»։

«Այո, գիտեմ, որ մեր հնարավորությունները ամեն տարի ավելանում են, որովհետև աշխարհը կամաց-կամաց, երևի, սկսում է հասկանալ, թե որքան տոլերանտ են հայերը և ինչպիսի դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում են: Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին: Եվ պիտի ասեմ, որ Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է, միֆ, չկա այդպիսի բան: Եվ եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը՝ ունենալով այդքան նավթ, գազ և այլն, կարող եմ այլ ցուցանիշներ էլ բերել, բայց վստահ եմ, որ մենք ուղղակի չենք կարող մեկուսանալ», ֊ ի պատասխան հայտարարել է Սերժ Սարգսյանը։