Գյումրիի «Կումայրի» պատմական միջուկի վերականգնման համար այս տարի 2 մլն դոլար կտրամադրվի

Գյումրի, արխիվ

Գյումրիի «Կումայրի» պատմական միջուկի վերականգնման ծրագիրն այս տարի կտեղափոխվի Շիրազի ու հարակից փողոցներ: Առաջիկա օրերին արդեն նախատեսում են այնտեղ հողային աշխատանքներ սկսել, իսկ ամենաուշը մայիսին փողոցների բուն շինարարությունն է մեկնարկելու:

Դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը տեղի կունենա նորացված փողոցների բացումը: Նոր փողոցներում կոմունիկացիոն բոլոր գծերը լինելու են ստորգետնյա՝ Ռուսթավելի փողոցի օրինակով: Չեն լինի մալուխներով ծանրաբեռնված հենասյուներ, գազի խողովակներ:

Այս օրերին քաղաքապետարանում հաճախ են խորհրդակցություններ անցկացվում այդ հարցով, որպեսզի ամեն կառույց հստակ իմանա իր անելիքը: Մինչ այժմ չկար գլխավոր հարցի պատասխանը՝ որքա՞ն գումար կպահանջվի այդ ծրագրի համար ու ով է այն տրամադրելու:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, որ հիմա հստակ է և՛ գումարի չափը, և՛ ֆինանսավորման աղբյուրը՝ տրամադրվելու է 2 մլն դոլարին համարժեք գումար ՀԲ-ի վարկի շրջանակում, պարտավորությունը ստանձնում է կառավարությունը:

Հիշեցնենք՝ Վերակառուման ու զարգացման եվրոպական բանկի կողմից տրամադրվելիք 23,5 մլն եվրո վարկային միջոցնեով էլ այս տարի Գյումրիում կսկսվի 12 փողոցների և 2 հրապարակների հիմնանորոգման աշխատանքները: Այս վարկի տրամադրման գործընթացն արդեն ձգվում է շուրջ 2 տարի: Շինարարի ընտրության միջազգային մրցույթն արդեն կայացել է, առաջիկայում արդյունքները կամփոփվեն:

Գյումրիի փողոցներն ամբողջությամբ հիմանորոգելու համար, մասնագետների գնահատմամբ, կապահանջվի 80-100 մլն դոլար: