Փետրվարի 1-ից դադարել են Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի լիազորությունները, և նրա փոխարեն Ազգային ժողովը նոր անդամի պետք է նշանակի:
Հրայր Թովմասյանն այսօր հրաժարվեց նաև խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Նրան կփոխարինի Գևորգ Կոստանյանը:
Պատգամավորները բուռն կերպով ողջունեցին Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամի թեկնածու առաջադրվելու մասին լուրը: Արդյո՞ք նման արձագանքը նշանակում է, որ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելուց հետո Հրայր Թովմասյանը զբաղեցնելու է այդ դատարանի նախագահի պաշտոնը:
Մամուլը տևական ժամանակ գրում է, որ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ավարտից հետո հենց հրայր թովմասյանն է նշանակվելու Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ Գագիկ Հարությունյանը զբաղեցնելու է ապրիլի 9-ից հետո ստեղծվելիք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը»:
Սահմանադրական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարումն ավարտվում է մարտի 23-ին, երբ կլրանա նրա 70-ամյակը: Ապա երեսունօրյա ժամկետում պետք է Սահմանադրական դատարանի նոր նախագահ ընտրվի: Այսինքն ընտրությունները կարող են կայանալ մարտի 24-ից մինչև ապրիլի 22-ը:
Այստեղ, սակայն, մի հետաքրքիր նրբություն կա․ քանի որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության որոշ դրույթներ՝ այդ թվում և Սահմանադրական դատարանին վերաբերող դրույթը ուժի մեջ է մտնում ապրիլի 9 ֊ից հետո, ապա ընտրության օրը մեծ նշանակություն ունի, թե ինչպիսի ընտրակարգով կընտրվի Սահմանադրական դատարանի նոր նախագահը, և թե որքան կպաշտոնավարի:
Եթե Սահմանադրական դտարանի նախագահի ընտրությունները կայանան մինչև ապրիլի 9-ը, կգործի 2005 թվականին ընդունված Սահմանադրության դրույթը, որի համաձայն, Ազգային ժողովին է վերապահված Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու իրավունքը: Իսկ ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչև 65 տարեկան դառնալը: Իսկ եթե Սահմանադրական դատարանի ընտրությունները նշանակվեն ապրիլի 9-ից հետո, կգործի արդեն 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որի համաձայն արդեն Սահմանադրական դատարանն է իր կազմից ընտրում նախագահ՝ միայն 6 տարի ժամկետով և առանց վերընտրվելու իրավունքի:
Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչ կարգով են կայանալու Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունները, Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե ընտրելու է Ազգային ժողովը:
Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հրայր Թովմասյանն արդեն տեղյակ է, որ Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունները անցկացվելու են ապրիլի 9-ից առաջ:
Թովմասյանի արձագանքը․ - «Ուրեմն ես Ձեր հարցը ճիշտ չեմ ընկալել: Եթե մինչև ապրիլի 9-ը եղավ՝ Ազգային ժողովն ա ընտրելու, եթե ապրիլի 9-ից հետո եղավ՝ ապա Սահմանադրական դատարանը՝ իր կազմից»:
Ուշագրավ է, որ մինչև Ազգային ժողովում հարցազրույցը Հրայր Թովմասյանը երկար ժամանակ Հանրապետականի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակում էր, որտեղ էին նաև մի խումբ այլ ՀՀԿ-ական պատգամավորներ: Ու թեև լրագողները ներս տարվող կոնյակի բաժակներ նկատեցին, Հրայր Թովմասյանը հերքեց, թե իրենք նշելու առիթ ունեին: «Մենք ընդամենը սուրճ ենք խմել»:
Հարցին, թե փոխելու, թե շարունակելու է Սահմանադրական դատարանի ավանդույթները, հատկապես տարաբնույթ և հաճախ իրարամերժ մեկնաբանություններ առաջացնող որոշումների ոճը, Թովմասյանն արձագանքեց․ - «Ես իմ հայացքներով ռեֆորմատոր եմ, մի քիչ էլ այնուամենայնիվ՝ պահպանողական: Պետք է պահպանել այն ամբողջ լավը, որը կա, պետք է փոխել այն, ինչ որ անհրաժեշտ է»:
Սահմանադրական դատարանի անդամին Ազգային ժողովը կընտրի հավանաբար հաջորդ քառօրյայի ընթացքում: