Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտում տեղի ունեցավ պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանի նոր՝ «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ․ հեքիաթ, խաչքար», գրքի շնորհանդեսը:
«Սա ըստ էության երկու մենագրություն իր մեջ ներառող մի գիրք է: Ինքս շատ հավանում եմ պարոն Սահակյանի ուսումնասիրության մեթոդաբանությունը, որովհետև Հայաստանում շատ քչերն են, որ մշակութային տեքստը ներսից կարդալով, ներսից մշակելով, ներսից արժեվորելով, այսպիսի մեթոդաբանություն ունի․․․» - նշեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Սա Մատենադարանի նախաձեռնած մի նոր մատենաշարի առաջին գիրքն է, որը հեղինակը, իր հեղինակած մյուս գիտական աշխատությունների հետ, միասին նվիրեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանին՝ շեշտելով․ - «Ըստ էության նույն ուղղությամբ հետազոտություններ ենք կատարում․ ես՝ Մատենադարանում, դուք՝ ինստիտուտում։ Դուք պեղում եք, դաշտից հավաքում եք նյութը, գրառում եք, իսկ ես Մատենադարանում եղած ձեռագիր ժառանգության միջից փնտրում-քաղում եմ միջնադարյան վկայությունները: Մատենադարում հիմնադրել ենք մի նոր գիտական-հետազոտական խումբ, որը պետք է զբաղվի միջնադարյան ժողովրդական մշակույթով՝ լայն առումով: Ես, որպես այդ խմբի համակարգող, մատենաշարի առաջին նյութը, առաջին համարը այսօրվա թեմայով ներկայացվելիք գիրքն է: Բայց ես կարծում եմ, որ ըստ էության այդ մատենաշարի առաջին նմուշը «Ժողովրդական քրիստոնեությունը միջնադարյան Հայաստանում» գիրքն է, որովհետև սա ուղղակի առնչվող է ժողովրդական մշակույթի հետ և ուղղակի պարունակում է ժողովրդական մշակույթի նյութերի վերլուծություն»:
Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները, ըստ գիտնականի, գալիս են դարերի խորքից՝ նախաքրիստոնեական ժամանակներից, և նույնքան արդիական են նաև մեր օրերում․ - «Այս ամենի հետքերը կարելի է նշմարել նաև 20-րդ դարի խորհրդային և արդի իրականության մեջ: Իզուր չէ, որ 20-րդ դարի երկրորդ կեսի ականավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ընդհանրություն է տեսել իր հայրենի Ահնիձորի և Քսենոֆոնի ժամանակի հայկական գյուղերի միջև: Եթե հայկական իրականությունը նկարագրող մի ավելի հին հեղինակ ունենայինք, նա կտար նաև նրա անունը, որովհետև առնվազն մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի կացութաևի հետքերը դեռ պահպանվում են ժողովրդական մշակույթի ծալքաշերտերում: Նույն կերպ կարելի է ասել հայոց լեզվի մասին, որ այսօրվա վիճակով այն շատ չի հեռացել գրաբարից, իսկ վերջինս էլ՝ Քսենոֆոնի ժամանակի հայերենից»:
Արծրունի Սահակյանը մի շարք ուշագրավ գիտական աշխատությունների հեղինակ է: Երեկ այս մասին շեշտադրելով՝ նրա գործընկերներից Լևոն Աբրահամյանն ասում էր, որ Արծրունի Սահակյանի հեղինակած «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրի պատմություն» գիրքը պիտի անպայման անգլերեն թարգմանվի և տարածվի միջազգային հայագիտական շրջանակներում՝ այսպիսով վերջ դնելով Խորենացու պատմության մասին եղած տարբեր, մեղմ ասած թյուրըմբռնումներին: