«Եթե ցանկություն լիներ ինչ-որ բան շփել Տարոն Մարգարյանի դեմքին, ես անձամբ կգնայի և կշփեի». Փոստանջյան

Մարինե Խաչատրյանի ապտակը Երևանի ավագանու հանրապետական անդամին եղել է ինքնապաշտպանական նպատակներով: Այդ մասին երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ի պատասխան այն դիտարկմանը, թե «Երկիր Ծիրանի»-ից բացի նաև Երևանի քաղաքապետարանից է հաղորդում ներկայացվել ոստիկանություն։

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց Փոստանջյանից, թե ենթադրաբար ինչի՞ց կարող էին դժգոհել Երևանի քաղաքապետարանից։

«Ազատություն». - Տիկին Փոստանջյան, առաջինն, օրինակ, ապտակի դրվագը, որ տեսանյութում երևում է՝ Մարինա Խաչատրյանն ինքն էլ է ապտակում, կամ ինքն է ապտակում առաջինը։

Փոստանջյան. - Իսկ ինչպե՞ս եք կարծում, երբ մի քանի տղամարդ հարձակվում են քո վրա և փորձում են զգեստդ պոկել վրայիցդ, դու ի՞նչ պետք է անես, պետք է լուռ սպասես, թե ինչպես են զգեստդ հանո՞ւմ վրայիցդ, իհարկե դու էլ պետք է ադեկվատ, համապատասխան նաև պատասխան տրամադրես։ Մենք կադրերը տեսել ենք, հենց այնպես չէ Մարինա Խաչատրյանն ապտակում, այսինքն՝ սկզբից նրան մղում են դեպի այդ նստարանների մոտ՝ սեղանների մոտ են մղում, բոլորը հավաքվում են, շրջապատում են, և, իհարկե, բնական է, որ դու նույնպես պետք է ապտակես։

«Ազատություն». - Հաջորդը՝ լուծույթի պարունակությունը. գիտեք, հազար ու մի վարկած է շրջանառվում՝ քայքայիչ նյութերից մինչև թունավոր հեղուկ, կարո՞ղ է այստեղ հանցակազմ լինել։

Փոստանջյան. - Նախ, եթե դա լիներ քայքայիչ նյութ, ապա պետք է ինչ-որ բան քայքայվեր, ոչ մի բան չի քայքայվել այնտեղ։ Մենք հասկանում ենք, որ կեղծարարությունը մշտապես զուգորդել է Հանրապետական կուսակցությանը և նրանք կարող են այդպիսի մեկնաբանություններ անեն, բայց մեկնաբանությունները պետք է ունենան հիմքեր, այստեղ այդ հիմքերը զուրկ են։ Այցելել էի Նուբարաշեն, հենց իրենց ցանկությամբ էր, որ այս խնդիրը բարձրացվի քաղաքապետարանում և այս գարշահյութից մի մաս էլ «նվիրեին» պարոն Տարոն Մարգարյանին։

«Ազատություն». - Եվ վերջինը, որ իրենք էլ են պաշտպանվել. վարկածներ են հնչում, որ հնարավոր է մտադիր են եղել կանայք շփել այդ նյութը քաղաքապետի ուղղությամբ, կամ ընդհանրապես ինչո՞ւ էին գնում դեպի այդ կողմ։

Փոստանջյան. - Եթե ցանկություն լիներ ինչ-որ մի բան շփել Տարոն Մարգարյանի դեմքին, ես անձամբ ինքս կգնայի և կշփեի։ Մենք դրանով կաշկանդված չենք, բայց իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տա, և նաև իմ բանականությունն ինձ թույլ չի տա, որ ես մարդու երեսին ինչ-որ մի բան շփեմ։ Մենք տեսնում ենք կադրերի մեջ, ինչպես է նա վախեցած ու ասում է՝ «արա, ոստիկան կանչեք», կամ «արա, սրանց դեմն առեք», սա նշանակում է, որ այս մարդը վախերի մեջ է, պարանոյայի զգացում ունի, և նրանք տապալվել են բացարձակ։ Այդ պատկերը, որը նկարահանվում էր և ուղիղ եթերով էր հրապարակվում, ցույց տվեց այս քառորդդարյա բռնակալական համակարգի էությունը, երբ բռնակալական համակարգը պատրաստ է նույնիսկ մի քանի տղամարդով հարձակվել մի տիկնոջ վրա, ամեն ձև ստորացնել, ծեծել, բռնություն կիրառել, որի կարիքը բացարձակ չկար։

Հիշեցնենք՝ ավագանու փետրվարի 13-ի նիստը վերածվեց ծեծկռտուքի այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Նշենք, որ բացի «Երկիր Ծիրանի» կուսակցության հանցագործության մասին հաղորդումից, իրավապահ մարմինը ևս մեկ դիմում է ստացել քաղաքապետարանի աշխատակցից, սակայն թե ով է դիմում ներկայացրել և ում դեմ՝ Ոստիկանությունը չի մանրամասնում:

Փոստանջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ.