Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը վաղը՝ փետրվարի 16-ին, պատրաստվում է հրաժարվել խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը դեռևս փետրվարի 12-ին առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, վաղը նա հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Թովմասյանն այս պահին նպատակահարմար չի գտնում զբաղեցնել այդ պաշտոնը, և մեր թիմը կիսում է այդ մոտեցումը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում մենք որոշել ենք, և վաղն էլ կհայտարարենք այդ մասին, առաջադրել Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի թեկնածությունը»,- ասաց Շարմազանովը։
Հարցին էլ, թե ո՞վ է փոխարինելու Հրայր Թովմասյանին Ազգային ժողովում, Շարմազանովը պատասխանեց. - «Պարոն Թովմասյանն առայժմ պատգամավոր է, նա վաղը հրաժարական կներկայացնի միայն Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ երբ նա ընտրվի Սահմանադրական դատարանի անդամ, կարծում եմ, հաջորդը ցուցակում Տաճատ Վարդապետյանն է»։