Կքննարկվի՞ հարցը վաղը արտահերթ նիստում, թե՞ ոչ՝ կախված է Հանրապետականից․ եթե նրանք ներկայանան, նիստը կկայանա, եթե չներկայանան, քվորում չի լինի, և փոփոխությունները չեն քննարկվի:
Արտահերթ նիստը հրավիրվել է խորհրդարանական ընդդիմության՝ «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի ստորագրություններով: Օրինագիծն առաջարկում է երկու փոփոխություն կատարել․ մեկը հատկապես վառելիքի շուկայում գնաճի հանգեցրած ակցիզային դրույքաչափերը նախկին մակարդակին իջեցնելն է, մյուսը՝ հանրության մի մասի եկամտահարկն ավելացնող օրենքի վերանայումը:
Ընդդիմությունն առաջարկում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար 21 տոկոս եկամտահարկ սահամանել գործող 23 տոկոսի փոխարեն, 150-450 հազար դրամ ստացողի դեպքում՝ 26 տոկոսի հարկ, ներկայումս գործող 28-ի փոխարեն, 28 տոկոս առաջարկվում է սահմանել 450 հազար դրամից մինչև 2 միլիոն ստացողների եկամտահարկը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա իրենց երազանքների նախագիծը չէ, սակայն հավելեց, թե «երկնիշ գնաճին գոնե փոքր-ինչ դիմագրավելու միջոցներ կթողնի քաղաքացիների մոտ»․ - «Մենք ասում ենք՝ գնաճը ահավոր մեծ բեռ ա դրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին: Եվ մենք ասում ենք, որ փորձագիտական գնահատականներով, մոտավորապես 35-40 միլիարդ դրամ եկեք թողնենք քաղաքացիների գրպանում, որպեսզի նրանք կարողանան էս գնաճներին դիմակայեն»:
Իրական գնաճը, Փաշինյանի խոսքով, մոտ 22 տոկոս է, մինչդեռ պաշտոնական տվյալները 2.6 տոկոս են միայն սահմանում:
Կառավարության ներկայացուցիչը՝ Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը բացատրեց, թե հարկային բարեփոխումներ են կատարել, որոնք ֆինանսական բեռ են դրել բյուջեի վրա, իրենք էլ երկու տարբերակ ունեին պակասող գումարը հայթայթելու՝ վերցնել արտադրողներից կամ սպառողներից: Ընտրել են երկրորդ տարբերակը, ըստ փոխնախարարի՝ տնտեսությանը չվնասելու համար․ - «Մտածեցինք, որ կա՛մ պետք է լրացուցիչ հարկենք կապիտալը կամ եկամուտը, կա՛մ սպառումը: Մենք ձեռնպահ մնացինք կապիտալն ու եկամուտը հարկելուց, որովհետև մենք այսօր էլ Կառավարությունում քննարկում ենք, թե ինչպիսի միջոցառումներով մենք պետք է խրախուսենք արտադրողին՝ ի հաշիվ սպառման: Եվ մենք որոշեցինք․ եթե մենք պետք է հարկային օրենսդրության մեջ փոփոխություն անենք և հարկային բեռ ավելացնենք, մենք դա պետք է անենք անուղղակի հարկերի տեսքով»:
Միքայել Մելքումյանը («Ծառուկյան») հակադարձեց՝ տնտեսագիտական այդ կանոնները չեն գործում 30 տոկոսանոց աղքատություն ունեցող երկրում․ - «Եթե դու աշխատող աղքատներին ուզում ես հարկես, դա չի լինի, չի աշխատի: Այսինքն դու ուզում ես մարդկանց խեղդելով, մարդկանց շունչը փակելով, սպառումը հարկելով․․․ առանց էդ էլ ամեն ինչի համար սպառողներն են վճարում»:
Սերգեյ Բագրատյանը («Ծառուկյան») նկատեց․ - «Դուք ասում եք՝ սպառողին պետք է հարկել: Դուք սխալ ուղղությամբ եք գնում: Մեր խնդիրը, որ դրված է, պարոն Փաշինյանը որ նշեց՝ 70 տոկոս ազգաբնակչության խնդիրը: Դուք դնում եք էն 30 տոկոսին անվնաս պահելու խնդիրը: Մենք 70 տոկոսին ամեն օր դնում ենք ծանր վիճակի մեջ»:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, թե տնտեսական ճգնաժամի տարիներին պետությունը պարտքեր է կուտակել՝ իր սոցիալական պարտավորությունները կատարելու համար, սակայն այլևս այդպես շարունակել չի կարող․ - «Երբ 2008 թվականից հետո սկսվեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, մենք 2009 թվականին ունեցանք ամենախորը անկումը՝ 14.1 տոկոս: Պետության եկամուտները նվազեցին 14.1 տոկոսով, բայց պետությունը իր որևէ սոցիալական պարտավորություն չկոծկեց, չկրճատեց, շարունակեց այդ պարտավորությունները կատարել: Ընդ որում, կատարել՝ հիմնականում պարտք ձևավորելով: Արդարացվա՞ծ էր: Միգուցե ինչ-որ մի ժամանակահատվածի համար այո: Բայց շարունակել այդ քաղաքականությունը, նշանակում է դատապարտվել»:
Կքննարկվեն արդյոք վաղը «Ելք»-ի առաջարկած օրենսդրական փոփոխությունները արտահերթ նիստում՝ կախված է այն հանգամանքից, թե արդյոք ՀՀԿ-ական պատգամավորները կներկայանան նիստին: Սակայն ներկայանալու և քննարկման դեպքում էլ դեռ չի եղել մի նախադեպ, երբ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը ընդունվի լիագումար նիստում: