ՏՏ ոլորտի աշխատողները բողոքում են հարկային բեռի ավելացման դեմ՝ «միայն կխթանեն կադրերի արտահոսքը»

«Synopsys Armenia» ընկերությունում, արխիվ

Հարկային բեռի ծանրացումը Հայաստանից ուղեղների արտահոսքի կհանգեցնի, կարծում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները: «Synopsys Armenia» ընկերության աշխատակից Սերգեյ Ղահրամանյանն ասում է․

«Սա էն ոլորտն է, որտեղ բոլոր աշխատակիցները փաստաթղթավորված են, ստվերային չեն: IT ոլորտն իր ազնվության համար թակարդի մեջ է ընկնում: Ոնց որ կրկեսի ներկայացում լինի: Այս ամենից զզվելով՝ ուղղակի այլևս հավես ու տրամադրություն չեն ունենում և արտագաղթում են համաշխարհային այլ կազմակերպություններ: Ամեն մի պաշտոնյա, որ կապ ունի հարկային մարմինների հետ, ասում է, որ IT ոլորտը պետք է հայտարարվի գերակա ճյուղ: Դա նշանակում է, որ նոր հարկեր են ավելացվելու այդ ոլորտում»:

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26 տոկոսից բարձրացել է 28 տոկոսի: 2 միլիոն դրամից ավելի ստացողները հարկվում են 36 տոկոսով: Առաջիկա, հուլիսից էլ, երբ արդեն ամբողջովին կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, 1974 թ․ հուլիսի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիները պետք է իրենց աշխատավարձի 5 տոկոսը փոխանցեն կենսաթոշակային հիմնադրամներին: Այժմ կուտակային համակարգում ներգրավված են միայն պետական ծառայողները, աշխատաշուկա նոր մտնողերը և կամավորները:

«Synopsys Armenia» ընկերության մեկ այլ աշխատակից Կարեն Մարությանն ասում է՝ իր գործընկերներից շատերը Հայաստանում ստեղծված ոչ նպաստավոր պայմանների պատճառով արդեն արտագաղթել են: «Նույն մեր հիմնարկի օրինակով՝ տարեցտարի զույգերով մեկնում են: Մեր իշխանություն կրողներն ու որոշում ընդունողները պետք է մի քիչ ավելի խորը մտածեն՝ արդյո՞ք արժե նման փոփոխություն անել ու նպաստել առանց այդ էլ սակավաթիվ ռեսուրսների արտահոսքին՝ էլ ավելի թուլացնելով ՏՏ ոլորտը»,- հարց է հնչեցնում Կարեն Մարությանը:

Հարկային բեռի ավելացմամբ մտահոգ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ստորագրահավաք են նախաձեռնել, որին արդեն 1000-ից ավելի մարդ է միացել: Ստորագրահավաքի նախաձեռնող՝ Vmware Armenia-ի աշխատակից Սևակ Ծատուրյանը նաև նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բարձաձայնելով մասնագետների մտահոգություները: Ոլորտի ներկայացուցիչները պնդում են՝ որոշումներ կայացնելիս անհրաժեշտ էր նախևառաջ հարկատուների կարծիքը հաշվի առնել:

«Ինձ թվում է, որ իրենք նույնիսկ հաշվարկ էլ չեն արել, թե քանի մասնագետ էս օրենքի պատճառով կհեռանա երկրից: Միակ ոլորտն է, որ շնչում է, ու դրա վրա էլ են ուզում քար գցած լինեն»,- ասում է ինժեները:

Ծրագրավորող Կարեն Ավագյանը, ով ևս միացել է ստորագրահավաքին, նշում է՝ իրենք իշխանության հանդեպ վստահության պակաս ունեն:

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ նման գործելաոճով ոչ մի դրական բանի մենք չենք գնում: Եթե ես վստահ լինեի, որ էդ գումարներն իրենց նպատակին են ծառայելու, դժգոհություն չէի ունենա, ստորագրահավաքին էլ չէինք մասնակցի: Ավելին՝ պատրաստ կլինեինք ավելի շատ հարկվելու: Իսկ էս պարագայում հասկանում ես, որ չէ՝ որոշ պաշտոնյաներ, օլիգարխներ հարստանում են, իսկ դու՝ ոչ»,- ասում է Կարեն Ավագյանը:

Չկարողանալով պայքարել ստվերի դեմ՝ իշխանությունն այս տարբերակն է ընտրել՝ թիրախավորելով մաքուր դաշտում աշխատող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ասում է ՏՏ ոլորտի մեկ այլ խոշոր ընկերության աշխատակից՝ ծրագրավորող Վահան Թադևոսյանը, հավելելով՝ նոր Հարկային օրենսգիրքը վերանայելու կարիք կա․ - «Չեն կարողանում օլիգարխիային ստիպել՝ հարկ վճարել և փորձում են այն մարդկանցից փողը հավաքել, որոնք ուզած-չուզած կտան, ու հենց այդ մարդկանց վրա էլ ստավկան դրած է, որովհետև իրենք լավ քաղաքացիներ են»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները չեն բացառում, որ առաջիկայում բողոքի զանգվածային ակցիաների կդիմեն: Հիշեցնենք՝ ՏՏ ոլորտը Հայաստանում գերակա ճյուղ է հռչակված: Ըստ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ այս ճյուղից է գոյանում ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը: Վերջին տարիներին ոլորտում գրանցվել է միջինը 30 տոկոսի աճ: