Շավարշ Քոչարյան․ Հայաստանը պետք է հաշվի առնի բոլոր զարգացումները

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Ազատության» խնդրանքով արձագանքելով հրապարակված տեղեկությանը, թե Միացյալ Նահանգները ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին՝ ասաց․ - «Հայաստանը պետք է հաշվի առնի բոլոր զարգացումները, որոնք առկա են»:

«Հայկական ժամանակ» պարբերականի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատնից:

Դեսպանատան լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ պարբերականի հրապարակմանը այս պահին ավելացնելու ոչինչ չունեն:

Փոխարտգործնախարարը հրաժարվեց մանրամասնել․ - «Ի՞նչ մանրամասնել: Պետք է կոնկրետ լինի ինֆորմացիան: Օրինակ, հարցադրումներ արվեց, որը, իմ գնահատակով, իմ գիտելիքներով, չի համապատասխանում իրականությանը, որովհետև չափազանցնում է այն վտանգը, որ կա: Բայց դա չի նշանակում, որ դու պետք է այսպես ասած անուշադրության մատնես: Պետք է անընդհատ հետևել»:

Հարցին, թե ամերիկյան պատժամիջոցների շրջանակում ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների հայտնվելը արդյոք կարող է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա, Քոչարյանը պատասխանեց․ - «Եկեք առաջ չընկնենք․․․ Մենք կոնկրետ հետևում ենք իրավիճակին և միևնույն ժամանակ շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները, փոխգործակցությունը Ռուսաստանի հետ այդ դաշտում, որը մեր անվտանգության կարևոր բաղադրիչն է»:

Իսկ հարցին, թե խնդրո առարկայի վերաբերյալ արդյոք կոնսուլտացիաներ արվում են ամերիկյան կողմի հետ, փոխարտգործնախարար արձագանքեց․ - «Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը հասունացած է, որը պահանջի թե՛ ռուսական կողմի, թե՛ ամերիկյան կողմի հետ բանակցություններ»:

«Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն՝ նախարար Վիգեն Սարգսյանին խնդրելով արձահանքել, թե ինչ դիրքորոշում ունի Երևանում ԱՄՆ դեսպանատան ծանուցման վերաբերյալ, արդյո՞ք Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վերանայել Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ առկա համագործակցությունը:

Հարցումով դիմել ենք նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը միակն է, ում Միացյալ Նահանգները հղել է նման ծանուցում, թե՞ ծանուցումն ուղարկվել է նաև այլ երկրների կառավարություններ և ի՞նչ պատասխան են ստացել Հայաստանի կառավարությունից:

Երկուսի դեպքում էլ պատասխան դեռ չունենք:

Հանրահայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարը Ռուսաստանն է: Վերջին տարիներին Մոսկվան Երևանին հատկացրել է 300 միլիոն դոլար վարկ՝ ռուսաստանյան զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով, իսկ Ադրբեջանի հետ կնքել է մոտ 5 միլիարդ դոլարի հասնող պայմանագրեր՝ հիմնականում ծանր սպառազինության վաճառքի վերաբերյալ:

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի, ակնհայտ է, որ Վաշինգտոնը նախապատրաստվում է Ռուսատանի նկատմամբ ավելի լայնածավալ պատժամիջոցների կիրառմանը, և Երևանում ԱՄՆ դեսպանատան նշված ծանուցումը հարկ է դիտարկել այդ կոնտեքստում:

«Այստեղ շատ կարևոր է «էական» համագործակցությունը: Այսինքն նշում է ոչ թե ցանկացած տեսակի, այլ էականը: Ես չգիտեմ էականը իրենց համար որը կլինի: Բայց այն, որ Ռուսաստանին փորձում են տարբեր կողմերից սահմանափակումներ դնել, որպեսզի ռեսուրսները սահմանափակեն: Օրինակ, ցանկացած ռազմական գործարք Հայաստանի և Ռուսաստանի միջև դա նշանակում է նաև գումարներ, այդ գումարները գնում են Հայաստանի բյուջեից»:

Դիտարկմանը, որ Ռուսաստանն է ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինության հիմնական մատակարարը, և հարցին, թե արդյոք սա Միացյալ Նահանգների կողմից մի քայլ է, որպեսզի սահմանափակի Ռուսաստանի այդ ազդեցությունը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, Արմեն Գրիգորյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, ոչ թե գլխավոր նպատակը դա է, բայց դա արդյունք է: Այսինքն, Միացյալ Նահանգները շարունակում է Ռուսաստանի հանդեպ իր պատժամիջոցները, և իրագործելով այս քաղաքականությունը, նրանք հասկանում են, որ կարող է դա քաղաքական այլ խնդիրների վրա էլ ազդեցություն ունենալ: Եվ այդ տեսանկյունից իրենք փորձում են օգտագործել նաև դա»: