Սերժ Սարգսյանը ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը, հիշեցնենք, Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում:

«Ես վստահ եմ, որ Դուք համոզված եք՝ այստեղ սիրում են Ձեզ և Ձեր արվեստը: Խորհրդանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված՝ Ձեր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը սկսվում է հենց Երևանից: Կարծում եմ, որ մեծ արվեստագետի կոչումներից մեկն էլ ժողովուրդներին մերձեցնելն է, ամրապնդելը նրանց միջև բարեկամությունը, և Դուք դա շատ լավ եք անում», - մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը փաստել է, որ անցյալ տարի Հայաստանը և Լեհաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց շրջանակում բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան՝ առավել սերտացնելով հայ-լեհական միջպետական հարաբերությունները:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ իր երաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում:

«Ես շատ ուրախ եմ, որ իմ հոբելյանին նվիրված փառատոնը մեկնարկել է Հայաստանից: Առաջին անգամ չէ, որ նման հրաշալի փառատոններ են անցկացվում Երևանում: Հայաստանում, իրոք, շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, դիրիժորի, այնպես էլ անհատ երաժիշտների: Ինձ, տիկնոջս ու մեր ընտանիքի համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում գտնվելը: Պետք է ընդգծեմ, որ ես ինքս ինձ քառորդ չափով հայ եմ զգում, քանի որ տատիկս հայկական ծագում ունի», - ասել է Պենդերեցկին և շնորհակալություն հայտնել փառատոնի բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Հայաստանում պետական մակարդակով մշակույթին ցուցաբերվող նման վերաբերմունքի համար: