«Մենք Արմեն Սարգսյանից ուզում ենք փաստաթղթերով պարզաբանում». շուրջ 12 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել

Շուրջ 12 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դիմում են իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ պարզաբանումներ ներկայացնել իր քաղաքացիության վերաբերյալ։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը։

«Սահմանադրության մեջ նշված է, որ երկրի նախագահը երկրի գլուխն է և Սահմանադրության պահապանը, ու այստեղ խնդիրներ կան, որոնք մենք ուզում ենք պարզաբանել: Առաջին խնդիրը կապված է Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ, երբ որ «Հետք»-ը քաղաքացիության հետ կապված հարց տվեց, նա պատասխանեց, որ նման խնդիր չկա, դա ռեգիստրում մնացած տվյալներն են։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ էդ թղթերը տրվել է Արմեն Սարգսյանի կողմից և Արմեն Սարգսյանն է այդ թղթերը լրացրել», - ասաց Գրիգորյանը՝ նշելով. - «Շատ կարևոր է, որ Արմեն Սարգսյանը հրապարակային փաստաթղթերի միջոցով հաստատի, որ հրաժարվել է քաղաքացիությունից, ինչպես ինքն է նշում, 2011-2012 թվականների ընթացքում»։

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը: Մինչդեռ «Հետք» պարբերականը օրերս հրապարակեց բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցրած տվյալներ, համաձայն որոնց՝ Արմեն Սարգսյանը 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա: «Հարցը որպես էդպիսին, որ դուք պրոբլեմ եք փնտրում, պրոբլեմ չկա։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության համար Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիություն 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ից», - ասել էր Սարգսյանը: