Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր շարունակում է հանդիպումներն ու այցելությունները:
Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր նա Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) հանդիպել է սփյուռքահայ կառույցների՝ Հայ օգնության միության, Հայ օգնության ֆոնդի, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության, Իզմիրլյան հիմնադրամի, «Օրրան»-ի ներկայացուցիչների հետ:
Արմեն Սարգսյանն ապա հանդիպել է Ազգային փոքրամասնությունների խորհրդին, որտեղ ընդգրկված են Հայաստանում բնակվող երկու տասնյակից ավելի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի ներկայացուցիչների հետ: