Ձմեռային օլիմպիադայի հայ մասնակից․ «Ընկերոջս հին դահուկներով եմ գնացել»

Աշոտ Կարապետյան, լուսանկարը՝ armsport.am կայքի

Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն առանց դահուկների է մնացել և արդեն մի քանի օր է չի մարզվում: Հարավային Կորեայում գտնվող մարզիկն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Փհենհչան է գնացել իր ընկերոջ 4 տարվա դահուկներով, որոնք այնտեղ կոտրվել են։ «Սեզոնի սկզբին բոլոր երրորդ-չորրորդ տեղը գրաված տղաները ստացան դահուկներ, ես չստացա, իմ հին դահուկներն օլիմպիադայի ժամանակ արդեն պիտանի չէին: 4 տարվա դահուկով եմ հիմա, դեռ նորը չեն տվել»,- ասաց հայ մարզիկը:

Կարապետյանն ասում է՝ ելքի արտոնագիր ստանալու խնդիր է ունեցել, սակայն օլիմպիական խաղերի մեկնարկից դեռ երեք ամիս առաջ է հարցը լուծվել: Մարզիկը ենթադրում է, որ այդ խնդրի պատճառով իրեն նոր դահուկներ չեն տվել: Մինչ այդ էլ Թուրքիայում և Իրանում տեղի ունեցած վարկանիշային մրցումներին թեև Կարապետյանը մասնակցել է հին դահուկներով, բայց անգամ այդ պարագայում հավաքականում միավորներով առաջին տեղն է զբաղեցրել։

Կարապետյանը հարց է տալիս՝ ինչու՞ Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան հենց սեզոնի սկզբում չի իր խնդիրը լուծել։ «Ֆեդերացիան հենց ամենասկզբից պիտի լուծեր էդ հարցերը, չլուծեց։ Մի հինգ-վեց անգամ մոտեցել եմ նախագահին՝ Արթուր Հարությունյանին, ասեց՝ կլինի, կլինի» : Նրա կարծիքով՝ ֆեդերացիան արհեստական խոչընդոտներ է ստեղծել իր համար։

Մինչդեռ` fեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ խնդիրը զուտ կազմակերպչական է։ Նոր դահուկների տրամադրումն էլ, ըստ նրա, ուշացել է, քանի որ դժվար է դրանք արագորեն Հարավային Կորեա հասցնել: «Մենք հիմա ինչ անենք, որ Փհենչանը Եվրոպայում չէ, եթե Եվրոպայում լիներ, մի 4 ժամվա մեջ կբերեինք»: Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ հավաքականի դահուկորդները միշտ էլ ապահովված են եղել դահուկներով։

Ձմեռային պլիմպիադայի հայաստանյան մասնակից Աշոտ Կարապետյանը կմրցի փետրվարի 22-ին։ Ըստ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ մարզիկի նոր դահուկներն արդեն Փհենչհանի ճանապարհին են։ Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տարածած հայտարարությունում ասվում է, որ կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ և աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ, «իսկ մնացած հարցեը կքննվեն և կպարզաբանվեն պատվիրակության վերադարձից անմիջապես հետո»։