222 միլիոն դրամ` «բարվոք» Մոսկովյանի 800 մետրը հիմնանորոգելու համար

Երևան, Մոսկովյան փողոց, 14-ը փետրվարի, 2018 թ․

Երևանի Մոսկովյան փողոցը 222 միլիոն դրամով հիմնանորոգելու ծրագրի մեջ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն անարդյունավետ ծախս ու անգամ՝ փողերի յուրացման նպատակ են տեսնում։ Ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մի քանի անգամ ամբողջությամբ ուսումնասիրել է փողոցը և պնդում է՝ այն միայն մեկ թերություն ունի՝ կապված մի հատվածում առկա «ալիքի» հետ։ «Դա անհամեմատելի է քաղաքի այլ հատվածներում եղած մեծ փոսերի հետ»,- ասում է Խաժակյանը:

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը մոտ 460 հազար դոլարով հիմնանորոգելու ծրագիրը երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ծեռծկռտուքի պատճառով մեծ ուշադրություն չգրավեց։ Ըստ փաստաթղթերի, մոտ կես միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագրով՝ նշված փողոցի 800 մետրանոց մի հատված նախ 5 սմ խորությամբ կտաշվի, ապա նոր ասֆալտբետոնե ծածկ կտեղադրվի, 28 դիտահոր կուղղվի, կվերակառուցվեն թեքահարթակները, մայթերին բազալտե նոր եզրաքարեր կտեղադրվեն։

Մոսկովյան փողոցում այսօր էական թերություններ չնկատեցին նաև մեր շրջայցի ընթացքում «Ազատության» հետ զրուցած երևանցիները։ Վտանգավո՞ր է, կամ վնասու՞մ է արդյոք ճանապարհը մեքենաներին, հարց ուղղեցինք նաև վարորդներին․ «Դժգոհ չենք, նորմալ է Մոսկովյանը», «Իրենց մոտ ինչ պլանային գրած ա՝ նա են ուզում անեն»,- պատասխանեցին նրանք:

Ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանին» բարվոք վիճակում գտնվող փողոցը հիմնանորոգելու մտադրության մեջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի շահն է տեսնում։ Ճանապարհը լուրջ նորոգման կարիք չունի, բյուջեից հատկացված գումարի առյուծի բաժինն էլ գողացվելու է, երեկ հայտարարեց խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։ «Այդ փողոցը հոյակապ, բարվոք վիճակում է, դուրս կգրվի 460 հազար դոլար, կծախսվի 10 հազար դոլար»,- հայտարարեց Աղեկյանը: Կոռուպցիայի մասին «Ելքը» դեռ չի շտապում հայտարարել, բայց վստահեցնում է՝ խոշորացույցի տակ են պահելու շինարարության ընթացքը։

Քաղաքապետարանից այսօր չցանկացան խոսել այդ ծրագրի մասին: Հայտնի չէ նաև, թե երբ կսկսվի շինարարությունը: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը երեկ ավագանու նիստում միայն նշեց, որ ծրագիրը կիրականացվի կառավարության հետ համաձայնեցնելուց հետո։