Արգելվել է «Երկիր Ծիրանի»-ի մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի

Այսօր արգելվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ դա կապելով երեկվա բռնության հետ։

«Շուրջ 100 ոստիկան կա այս տարածքում, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ կան, ու մեքենաների մեջ մարդիկ կան, որ չի երևում, թե ինչ ծառայություն են այստեղ իրականացնում։ Ներսում նույնպես բազմաթիվ ոստիկաններ կան, և պարզ չէ, թե ինչ են այստեղ անում։ Տարօրինակ է, որ քաղաքի կենտրոնում՝ տեղական ինքնակառավարման մարմնում, այսքան ոստիկանական ուժեր են կուտակվել, բացի այդ՝ այս ոստիկանական ուժերն արգելք են հանդիսացել, որպեսզի մեր խմբակցության մեքենան մուտք գործի այս տարածք։ Այս վեց ամիսների ընթացքում մուտքն այստեղից է եղել, այսօր թույլ չեն տալիս և պատճառաբանություն չեն ներկայացնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ փաստացի խոչընդոտվում է խմբակցության աշխատանքը։

Հիշեցնենք՝ երեկ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները փորձեցին քաղաքապետին փոխանցել Նուբարաշենի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը. ավագանու անդամ ընդդիմադիր երեք կանայք նախ հագան բժշկական ձեռնոցներ, դրեցին բժշկական դիմակներ և բացեցից իրենց հետ քաղաքապետարան բերված ապակյա տարաները։ Դրանցից բուրող տհաճ հոտը միանգամից տարածվեց նիստերի դահլիճում: «Երկիր Ծիրանի»-ի երկու կանայք՝ Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը կեղտաջրով լցված տարաները ձեռքներին փորձեցին մոտենալ քաղաքապետին։ Տարոն Մարգարյանը, տեսնելով դա, հրահանգեց իր աշխատակիցներին՝ փակել նրանց ճանապարհը։

Նուբարաշենից քաղաքապետարան բերված կոյուղաջուրը Տարոն Մարգարյանի սեղանին այդպես էլ չհասավ։ Ավագանու հանրապետական անդամներն ու քաղաքապետարանի լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն առաջ նետվելով անմիջապես կանխեցին ընդդիմադիր կանանց փորձն ու սկսվեց քաշքշոցը՝ հարվածներ, ծեծկռտուք, փոխադարձ վիրավորանքներ։