Քաղաքապետարանում երեկ տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ դեռ չի հարուցվել

Ոստիկանության լրատվության բաժնից «Ազատությանը» փոխանցեցին, որ Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ դեռ չի հարուցվել:

Բացի «Երկիր Ծիրանի» կուսակցության հանցագործության մասին հաղորդումից իրավապահ մարմինը ևս մեկ դիմում է ստացել քաղաքապետարանի աշխատակցից, սակայն թե ով է դիմում ներկայացրել և ում դեմ՝ Ոստիկանությունից չմանրամասնեցին:

Հիշեցնեմ՝ երեկ ավագանու նիստը վերածվեց ծեծկռտուքի այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

«Երկիր Ծիրանի» կուսակացության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր բացասական գնահատեց իրավապահ մարմինների աշխատանքը՝ նշելով, որ արդեն իսկ բավարար փաստերի առկայություն կա․ - «Շատ վատ եմ գնահատում: Կարծում եմ, որ իրավապահ մարմինները իրենց պոզիտիվ պարտականությունները որպես պետության ներկայացուցիչներ, չեն իրականացնում»:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հարցով երեկ ահազանգ էր հնչեցրել նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Քրեական վարույթ նախաձեռնելու հարցով
օմբուդսեմը դիմել էր Գլխավոր դատախազին։ Նա հայտարարել էր, որ քրեական գործի շրջանակում դատախազությունը պետք է ուսումնասիրի նաև նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունները։

Հիշեցնեմ՝ բռնության ենթարկված Մարինա Խաչատրյանը երեկ «Ազատության» եթերում նաև հայտարարել էր, որ հանրապետական Էդմոնդ Կիրակոսյանը սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ, ինչին ի պատասխան, ինքն ապտակել է Կիրակոսյանին․ - «Պաշտպանական ռեակցիա է եղել, ես պաշտպանվել եմ սեռական բռնությունից: Դեռ չեմ ասում, որ ֆիզիկական բռնության նաև այլ տեսակներ են եղել»:

«Ազատությունը» ողջ օրվա ընթացքում չհաջողվեց կապ հաստատել Մարինա Խաչատրյանին ապտակած ու քաշքշած ավագանու հանրապետական անդամների՝ Էդմոնդ Կիրակոսյանի և Վասպուրակ Մարտիրոսյանի հետ։

Հատկանշական է նաև, որ երեկվա միջադեպից հետո այսօր քաղաքապետարանում որոշակի կարգ էր փոխվել։ Մասնավորապես, աշխատակազմի ղեկավարի հրամանով արգելել էին ծառայողական մուտքից ավտոկայանտեղի թողնել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավտոմեքենան։

Զարուհի Փոստանջյանի բնորոշմամբ՝ սա քաղաքական հետապնդում է․ - «Մենք գտնում ենք, որ սա շարունակությունն է երեկվա բռնությունների և հետապնդում է մեր քաղաքական գործունեության նկատմամբ: Տվյալ պարագայում, երբ այսպիսի խոչընդոտներ են ստեղծվում, այն էլ՝ ոստիկանական ուժերի միջոցով, սա հստակ կոչվում է արդեն խտրական մոտեցում և քաղաքական հետապնդում»:

Փոստանջյանը նշեց, թե արգելքը սահմանվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով՝ հավելելով, որ նախորդ 6 ամիսներին նման խնդիր չի առաջացել։ Նա նաև հայտնեց, որ քաղաքապետարանի տարածքում այսօր ոստիկանական ուժեր են հերթապահում։

Այս հարցի շուրջ «Ազատությունը» փորձեց մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանից, ով, ի պատասխան մեր հարցի, արձագանքեց՝ ես մեքենային հարց լուծող չեմ։

Ու մինչ Երևանի քաղաքապետարանը երեկ տեղի ունեցած միջադեպը առնչությամբ հայտարարությամբ է հանդես գալիս՝ այն բնորոշելով, որպես «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից ավագանու ինստիտուտը վարկաբեկող, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել արարք, կանանց իրավունքների պաշտպանները դատապարտում են հանրապետական տղամարդկանց կոշտ վարքը։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ այդ միջադեպը ակտիվ կնոջը հանրային նվաստացման ենթարկելու ակտ էր։ Հովհաննիսյանը վստահ է, որ Մարինա Խաչատրյանին բռնության ենթարկելը պետք է արժանի իրավական գնահատական ստանա․ - «Արդյո՞ք այդ բազմաթիվ տղամարդիկ, որոնք դուրս էին եկել կնոջ դեմ և նրան բռնության էին ենթարկում, իրապես կստանան իրենց արժանի գնահատականը Քրեական օրենսգրքով: Ես կարծում եմ, որովհետև բոլոր այդ հոդվածները Քրեական օրենսգրքում արտացոլված են որպես սեռական ոտնձգություն, որպես ֆիզիկական բռնություն, որպես հոգեբանական բռնություն: Եվ ամենակարևորը՝ ես կարծում, որ պետք է հնչի նաև միջազգային գնահատականը, որովհետև մենք տեսնում ենք քաղաքական գործունեության խոչընդոտում, հատկապես՝ կանանց»:

Թեև քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ երեկ միջադեպից հետո հայտարարեց, որ ոչ մեկը ուժ չի կիրառել, սակայն այսօր արդեն հանրապետական տղամարդկանց պահվածը դատապարտվեց քաղաքական տարբեր ուժերի կողմից այդ թվում՝ դաշնակցականների։

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն իր տարածած հաղորդագրությունում նշել էր, որ ոչ մի ձևով չի արդարացնում ավագանու մեծամասնության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ և մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսևորումները։

Այս ֆոնին, սակայն, լռում է Հանրապետական կուսակցության վերնախավը։ Խորհրդարանում իշխող խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միայն փոխանցեց, որ միջադեպի մասին ավելի ուշ կխոսի: