«Ցանկացած բռնություն ինձ համար ընդունելի չէ». Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան, արխիվ

Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից և բռնություններից, քանի որ, ինչպես ինքը բացատրեց, Գյումրիում էր:

Նշենք՝ երեկ մամուլն ու համացանցը ողողված էին կադրերով, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանի ավագանու իշխող Հանրապետական խմբակցության անդամները բռնության ենթարկում «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանին. Հանրապետական տղամարդկանցից մեկը՝ Էդմոն Կիրակոսյան ապտակում է, մյուսը՝ Վասպուրակ Մարտիրոսյանը՝ քաշում կնոջ մազերից, իսկ 3-րդը՝ կարատեիստ Գոռ Վարդանյանը նրան դուրս է շպրտում սենյակից:

Հանրապետականի նախագահի թեկնածուն թեև տեղյակ չէր տեղի ունեցածի մասին, բայց պնդեց՝ դեմ է բռնությանը՝ վերևից ներքև, և ներքևից վերև:

«Ազատություն». - Քանի որ Ձեզ առաջարկ արել է իշխող Հանրապետականը՝ լինել իրենց նախագահի թեկնածու, և դեռևս չունեք վերջնական որոշում, ես կցանկանայի, որպես այդ առաջարկը ընդունած և հիմա մտածող անձ, քաղաքացի լսել Ձեր գնահատականը՝ ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, որը երեկ տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանում, երբ Հանրապետական խմբակցության պատգամավորները ծեծի ենթարկեցին ընդդիմադիր «Երկիր Ծիրանի»-ի անդամներին։

Արմեն Սարգսյան. - Այդ իրավիճակին ծանոթ չեմ, քանի որ երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում, ամբողջությամբ այդ քաղաքի մեջ էի՝ իր դժվարություններով, ցավերով, պատմությամբ, հաջողություններով։ Հսկա խնդիրներ կային՝ մարդկային ցավերով։ Այսինքն՝ երբեք չես կարող մոռանալ։ Եկեղեցում էլ մի տարեց մարդ մոտեցավ և, գիտեք ինչ, ամենամարդկային ձևով իր դժվարությունների մասին պատմեց ու խնդրեց, որ այդ դժվարությունը հաղորդեմ հանրապետության նախագահին, և ես պատրաստվում եմ անել։ Ես տեղյակ չեմ, որ լսեմ, կկարողանամ մեկնաբանել։

«Ազատություն». - Իսկ զուտ բռնության հետ կապվա՞ծ։

Արմեն Սարգսյան. - Ցանկացած բռնություն ինձ համար ընդունելի չէ, ցանկացած մարդկային բռնություն։ Ես իմ էությամբ մեկն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության, քննարկման տրամաբանության ուղղությամբ։ Ցանկացած բռնություն՝ վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ։

Նշենք, որ այսօր Արմեն Սարգսյանը այցելել էր «Սինփսոսիս Արմենիա»՝ ծանոթանալու ՏՏ ոլորտում ընկերության ձեռքբերումներին, ուսանողների համար ստեղծված ծրագրերին։

Երիտասարդների հետ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը պատմեց, որ «Տետրիս» խաղի համահեղինակներից է և մեկ օրինակ էլ նվիրեց ընկերությանը:

Այցից հետո Արմեն Սարգսյանը համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին՝ պայմանով, որ յուրաքանչյուրը մեկ հարց է տալու։

Քաղաքապետարանում տեղի ունեցած բռնություններից բացի Արմեն Սարգսյանին լրագրողները նաև հարցրեցին, թե ե՞րբ է նախագահի թեկնածու առաջադրվելու իր որոշման մասին հայտարարելու, և ե՞րբ է նախատեսում այդ նպատակով հանդիպել երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին: Արմեն Սարգսյանը պատասխանեց՝ հանդիպումը կլինի մոտ օրերին, թե կոնկրետ ե՞րբ՝ չհստակեցրեց:

«Մոտ օրերին, և իհարկե հասկանում եք, որ հանդիպումը չի լինելու բաց, ես հանդիպեմ նախագահին, ասեմ, որ ընդունում եմ, քանի որ մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական, բարեկամական, նաև իհարկե դեսպանի և նախագահի հարաբերություններ են, տվյալ դեպքում լինելու է նաև աշխատանքային, այսինքն՝ լինելու են քննարկումներ, և այդ քննարկման արդյունքում կայացվելու է որոշում, կարծում եմ, որ Դուք արդեն սահմանը դրեցիք՝ ամսի 18-ը», - ասաց Սարգսյանը։

Արմեն Սարգսյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե նախորդ բոլոր հանդիպումներն ու այցերը հաշվի առնելով, ինչպիսի՞ եզրահանգման է եկել, ի՞նչ են ակնկալում մարդիկ իրենից՝ քաղաքական ուժերից մինչև շարքային քաղաքացիներ:

Հանրապետականի նախագահի թեկնածուն չթաքցրեց՝ հանրության մի ստվար հատվածը պարզապես չի հավատում փոփոխություններին։

«Ակնկալիքները տարբեր են սկսած նրանից, որ հանրության մի մեծ մասում կա իներցիոն մտածողություն, որ նախագահը մեկն է, ունի ուղղաձիգ իշխանություն և կարող է բոլոր հարցերին պատասխան տալ։ Կա մյուս ծայրահեղությունը, որ ասում են՝ նախագահի լիազորությունները չկան, նախագահը ոչինչ չի կարող անել, կա մի մաս, որն ասում է անհրաժեշտություն կա փոփոխությունների և եթե քո լիազորությունների սահմանում ինչ-որ բան կարողանաս փոխել լավ կլինի, և կա մի մեծ զանգված, որ չի հավատում այդ փոփոխությանը, անկախ նրանից, թե ով է նախագահը լինելու։ Եվ սա ինձ համար ամենացավալի երևույթն է», - ասաց Սարգսյանը՝ նշելով. - «Պատճառներն էլ եմ հասկանում, իրավիճակն էլ, և կարծում եմ, որ շատ խորն եմ դրանք հասկանում, բայց դա չեմ կարծում, որ պատճառ է, որպեսզի մարդիկ այսպես ասեն, որ լավ ուրեմն ոչինչ հնարավոր չէ անել։ Չեմ կարծում, որ կյանքում կան այդպիսի իրավիճակներ և չեմ կարծում, որ եթե մենք հետ գնանք 88-89 թիվը, էն երկիրը, որտեղ ապրում էինք ուրիշ երկիր էր՝ հսկայական կայսրություն, հսկայական բանակ, Կա-Գե-Բե և այլն, ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ երկիրը կարող է ևս 100 կամ 200 տարի չգոյատևի, բայց փոփոխվեցին։ Ամենամեծ դժվարությունը մեր երկրում լինելու է որպեսզի մարդիկ նորից հույս և հավատ ունենան՝ քայլ առ քայլ, էվոլուցիոն քայլեր»։

Ի դեպ Արմեն Սարգսյան ասաց , թե ինքն էլ երեք հարց ունի լրագրողներին: Այսօր միայն մեկը հնչեցրեց՝ խոստանալով մյուս երկուսի մասին խոսել հաջորդ հանդիպումների ընթացքում․ - «Մենք բոլորս անհանգստացած ենք տնտեսության վիճակով, թե ինչպես պետք է առաջ տանենք, պատճառներ ենք փնտրում՝ սկսած կոռուպցիայից մինչև մարդկային անտարբերություն և այլն: Հարցս ձեզ է ուղղված․ եթե դուք լինեիք նախագահ, ի՞նչ կանեիք: Ուզո՞ւմ եք պատասխանել, թե՞ մտածեք հետո: Ես ևս երկու հարց ունեմ հաջորդ հանդիպման համար: Դուք մամուլ եք, էս հասարակության ամենակարևոր մասը: Մարդիկ ասում են՝ չորրորդ իշխանություն, և այդ իշխանությունը պետք է լինի անաչառ, ոչ-կոռումպացված: Դուք, որպես մամուլի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք տեսնում»:

«Ազատության» լրագրողի պատասխանին՝ և արդար ընտրություններով ընտրված, Արմեն Սարգսյանն արձագանքեց․ - «Իհարկե, համաձայն եմ»: