Այսօր պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը դրվելու է Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քննարկմանը։
Օրինագծի հեղինակն այս անգամ ոչ թե խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Մերեց» խմբակցությունն է, այլ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը։
Հիշեցնենք, որ Իսրայելում է Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանի գլխավորությամբ։
«Յեշ Աթիդ» կուսակցության հիմնադիր, խորհրդարանական խմբակցության ղեկավարը Յաիր Լապիդը հայ խորհրդարանականներին փոխանցել է, որ կուսակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը լիագումար նիստին կներկայացնի չորեքշաբթի օրը՝ հրավիրելով նրանց մասնակցել քննարկումներին։
«Մերեց» կուսակցությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ որևէ քննարկում «Յեշ Աթիդ»-ն իրենց հետ չի ունեցել։ «Մերեց»-ում զայրացած են, որ տասնյակ տարիներ այդ հարցով զբաղվող իրենց կուսակցության հետ որևէ խորհրդակցություն «Յեշ Աթիդ»-ը չի ունեցել։
Թե ինչպես այսօր «Մերեց»-ը կքվեարկի «Յեշ Աթիդ»-ի ներկայացրած նախագծին, «Մերեց»-ից չեն հստակեցնում։
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունից «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ չեն ընդունելու օրինագծի քննարկմանը ներկա գտնվելու Յաիր Լապիդի հրավերը։
«Նախագծի քննարկմանը չենք մասնակցելու, որովհետև մտավախություն կա, որ սա կվերաճի ընդդիմություն-իշխանություն ինչ-որ հակամարտության, այսպես ասած, և մենք չենք ցանկանա դրա մաս կազմել։ Մենք շարունակում ենք այս հարցը քննարկել իսրայելական կառավարության հետ, և մենք անընդհատ այս հարցը պահելու ենք նրանց օրակարգում», - ասաց Գորգիսյանը։