Ստոկհոլմի ահաբեկչության համար մեղադրվող Ռախմատ Ակիլովը դատարանում ընդունել է իր մեղքը

Ստոկհոլմի ահաբեկչության գործով մեղադրվող Ռախմատ Ակիլով, արխիվ

Ստոկհոլմում մեկնարկել է ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացի Ռախմատ Ակիլովի դատավարությունը: Փետրվարի 13-ին կայացած առաջին նիստում նա ընդունել է մեղքը:

Անցած տարվա գարնանը Ակիլովը Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնում բեռնատար մեքենան ուղղել էր անցորդների վրա: Հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել:

Ռախմատ Ակիլովի փաստաբան Յոհան Էրիքսոնը դատարանում ասել է, թե Ակիլովը ցանկացել է վախ սերմանել, որպեսզի Շվեդիան դուրս գա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայից:

Դատական նիստում մեղադրող կողմը պահանջել է 39-ամյա Ակիլովին դատապարտել ցմահ ազատազրկման: Ըստ ոստիկանության, մեղադրյալը իրեն մեղավոր է ճանաչել՝ ասելով, թե ցանկացել է հարվածել «անհավատներին»:

Ակիլովին դատարանին դիմելու հնարավորություն է տրվելու փետրվարի 20-ին նշանակված նիստում: Ակնկալվում է, որ դատավարությունը կշարունակվի մինչև մայիս:

Նրա իրականացրած հարձակման պատասխանատվությունը ահաբեկչական կամ ծայրահեղական որևէ կազմակերպություն չի ստանձնել: «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական և տաջիկական ծառայությունների և շվեդական TT լրատվական գործակալության համատեղ հետաքննությունը պարզել է, որ մինչ հարձակումն ու հարձակումից հետո, նա ուղիղ կապեր է ունեցել Տաջիկստանում «Իսլամական պետության» զինյալների հետ:

Հետաքննության համաձայն, Շվեդիայի ոստիկանությունը Ակիլովի ձեռքի հեռախոսում հաղորդագրությունների Zello և Telegram հավելվածներում ահաբեկչական խմբավորումներին առնչվող մի քանի մարդկանց կոնտակտներ է հայտնաբերել: Կոնտակտները մուտքագրված են եղել ծածկանուններով՝ Աբու Այշա և Աբու Ումար: «Ազատության» լրագրողները պարզել են, որ նույն ծածկանունները օգտագործել են «Իսլամական պետության» տաջիկ հավաքագրողները:

Տաջիկստանի ներքին գործերի նախարարը «Ազատությանը» ասել է, որ Ակիլովի՝ «Իսլամական պետության» տաջիկ անդամ լինելու կասկածանքով Շվեդիայի իշխանությունները Դուշանբեին չեն դիմել:

Ուզբեկստանի քաղաքացի Ռախմատ Ակիլովը ազգությամբ տաջիկ է: 2014-ին նա հեռացել էր Կենտրոնական Ասիայից, հասել Շվեդիա, որտեղ փորձել էր փախստականի կարգավիճակ ստանալ, բայց 2016-ին նրա դիմումը մերժվել էր: 2017-ի ապրիլի 7-ին նա բեռնատար մեքենա էր առևանգել ու ահաբեկչական հարձակում կատարել: Այդ գործողությունից ժամեր անց Շվեդիայի իրավապահները հայտնաբերել ու ձերբակալել էին նրան:

Վերջին տարիներին իսլամիստ ծայրահեղականները Եվրոպայում մի քանի հարձակումներ կատարեցին բեռնատար մեքենաների միջոցով: 2016 թվականի հուլիսին, Ֆրանսիայի ազգային օրվա տոնակատարությանը, Նիսում իրականացված հարձակման արդյունքում 86 մարդ զոհվեց:

Նյու Յորքում՝ Մանհեթենում, անցյալ տարի հոկտեմբերին, ծագումով Ուզբեկստանից Սայֆուլո Սաիպովը փոքր բեռնատարը ուղղելով դեպի մայթ՝ 8 մարդու սպանեց: Սաիպովը ստացել էր Միացյալ Նահանգներում բնակվելու օրինական իրավունք: Նա խոստովանել է, որ գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման գաղափարախոսության ազդեցության ներքո: