Նիդերլանդների խորհրդարանը մերժեց վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության նախաձեռնությունը

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտե, արխիվ

Նիդերլանդների ընդդիմությանը չհաջողվեց անվստահության քվե հայտնել վարչապետ Մարկ Ռյուտեին: Երեկ ուշ երեկոյան երկրի խորհրդարանի ստորին պալատում կայացած քվեարկության ժամանակ նախաձեռնությունը մերժվեց՝ ձայների 101 դեմ, 43 կողմ հարաբերակցությամբ:

Ընդդիմությունը ցանկանում էր անվստահություն հայտնել վարչապետին այն բանից հետո, երբ երկրի արտգործնախարարը երեկ հրաժարական տվեց՝ հայտարարելով, թե ավելի վաղ ստել էր 2006 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման մասին:

Արտգործնախարար Հալբե Զեյլստրան ասել էր, թե 2006-ին ներկա է գտնվել մի հանդիպման, որտեղ Պուտինը հայտարարել է, որ Բելառուսը, Ուկրաինան և Մերձբալթյան երկրները «Մեծ Ռուսաստանի» մասն են: Փետրվարի 12-ին նա խոստովանել է, որ ներկա չի եղել հանդիպմանը, այլ իրեն պատմել են դրա մասին: Զեյլստրան ասել է, որ Պուտինի հայտարարությունը աշխարհաքաղաքական տեսանկյունից այնքան կարևոր է համարել, որ խոսել է դրա մասին հրապարակայնորեն և վստահեցրել, թե ինքն է լսել այն՝ իր աղբյուրին պաշտպանելու նկատառումներից ելնելով: