«Եթե Արմեն Սարգսյանը խուսափի հանրության համար կարևորագույն հարցերի շուրջ դիրքորոշում հայտնելուց, ապա դա կհեղինակազրկի նրան հանրության աչքերում», - այսօր դատական նիստից հետո ասաց կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Արմեն Սարգսյանն երեկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե չի կիսում ՀԱԿ-ի գնահատականները Սահմանադրության հանրաքվեի և խորհրդարանական ընտրությունների կեղծված լինելու մասին:
«Ինչ վերաբերում է ավտորիտար համակարգին, ապա, այո, Հայաստանում փորձ է արվում ստեղծել ավտորիտար համակարգ: Մենք պայքարում էինք, որ ավտորիտար համակարգը Հայաստանում անօրինական է, և այս դատը այդ պայքարի մի մասն է, փորձ է անում իշխանությունը իրավական հիմքեր ստեղծել ավտորիտար համակարգի համար», - ասաց Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանն արդեն մեկուկես տարի է կալանավորված է, նա մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով՝ որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին: Սակայն, ըստ դատախազության, Ղուկասյանը իր մտադրությունը ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ պատճառներով:
Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց մի քանի տասնյակ վկաներից մեկը: Քանի որ վկան 16 տարեկան անչափահաս է, նրա անուն ազգանունը չենք հրապարայկում:
Վկան պատմեց, թե Սարի թաղի դեպքերի ժամանակ 14 տարեկան է եղել, դեպքի քայրում հայտնվել է տուն գնալու ճանապարհին: Ոստիկանության կիրառած հատուկ միջոցից՝ լուսաձայնային նռնակի բեկորներից նաև տուժել է:
Պատմեց, որ ոտքը վնասվել էր, մտել է առաջին պատահած տունը, տեսել է այնտեղ պատսպարված ևս քսան հոգու և վիրավոր տանտիրոջը, ապա իրեն շտապօգնությամբ հիվանդանոց են հասցրել:
Վկան նաև պատմեց, որ ցուցարարների միջից մահակներով մարդիկ անցել են ոստիկանների շարքերը:
Դատավորը նկատեց, որ նախաքննական և դատարանում տված ցուցմունքները էականորեն տարբերվում են: Քննիչի արձանագրած ցուցմունքներում նշվում է, որ մարդիկ մահակները հանել և գնացել են դեպի ոստիկանները: Սակայն, որ նրանք անցել են ոստիկանների շարքերի հետնամաս, նախաքննական ցուցմունքներում այդ մասը բացակայում է: Վկան պնդեց, որ ինքը պատմել է քննիչներին:
Վկայի նախաքննական ցուցմունքներում նաև արձանագրված էր, որ ցուցարարները հայհոյել են: Դատարանի դահլիճում վկան նշեց՝ հայհոյել են թե՛ ոստիկանները, թե՛ ցուցարարները:
Վկայի պատասխանը հարցին, թե երբ են քարեր նետվել․ ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելուց առա՞ջ, թե՞ հետո, դատավարության կողմերի մոտ տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Ըստ վկայի՝ ոստիկանները սկսել են կրակել այն բանից հետո, երբ մահակներով մարդիկ անցել են իրենց թիկունքը, ապա նաև տեսել է, որ քարեր են նետվել:
Այսօրվա նիստում մեղադրող կողմը սկսեց ներկայացնել դեպքի վայրի զննության նկարագրությունը, սակայն դատավարությունը հետաձգվեց տեխնիկական պատճառներով: