Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը նշանավորվեց ծեծկռտուքով

Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի հանդիսավոր մեկնարկը րոպեներ անց վերածվեց ծեծկռտուքի։

Ամեն ինչ սկսվեց նրանցից, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները փորձեցին քաղաքապետին մատուցել Նուբարաշենի բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։

Հիշեցնենք, Նուբարաշենի բանտի հարակից շենքերի բնակիչները մեկ օր առաջ փակել էին դեպի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը՝ իշխանություններից պահանջելով լուծել տարիներ շարունակ վթարային վիճակում գտնվող կոյուղու խնդիրը, որի խցանված լինելու պատճառով տարածքում ամենուր գարշահոտություն է և հակասանիտարական վիճակ։

Ավագանու անդամ ընդդիմադիր երեք կանայք նախ հագան բժշկական ձեռնոցներ, դրեցին բժշկական դիմակներ և բացեցից իրենց հետ քաղաքապետարան բերված ապակյա տարաները։ Դրանցից բուրող տհաճ հոտը միանգամից տարածվեց նիստերի դահլիճում: «Ելք»-ի անդամները հերթով սկսեցին լքել տարածքը, իսկ «Երկիր Ծիրանի»-ի երկու կանայք՝ Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը կեղտաջրով լցված տարաները ձեռքներին փորձեցին մոտենալ քաղաքապետին։ Տարոն Մարգարյանը, տեսնելով դա, հրահանգեց իր աշխատակիցներին՝ փակել նրանց ճանապարհը։

Նուբարաշենից քաղաքապետարան բերված կոյուղաջուրը Տարոն Մարգարյանի սեղանին այդպես էլ չհասավ։ Ավագանու հանրապետական անդամներն ու քաղաքապետարանի լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը առաջ նետվելով անմիջապես կանխեցին ընդդիմադիր կանանց փորձն ու սկսվեց քաշքշոցը։ Հարվածներ, ծեծկռտուք, փոխադարձ վիրավորանքներ՝ միջադեպին ներգրավվել էին բոլորը։

Կրքերը թեժացան այն պահին, երբ «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանն ապտակեց իրեն քաշքշող ավագանու հանրապետական անդամ Էդմոնդ Կիրակոսյանին, նա էլ փոխադարձաբար ապտակեց Խաչատրյանին։ Հանրապետական Վասպուրակ Մարտիրոսյանն էլ սկսեց քաշել Խաչատրյանի մազերից։

Հանրապետականի տղամարդիկ բռնի ուժով փորձում էին նիստերի դահլիճից հեռացնել ավագանու ընդդիմադիր անդամներին։ «Ելք»-ը ստանձնել էր բաժանողի դերը։ Ամենաակտիվը, սակայն, դերասան, կարատեիստ Գոռ Վարդանյանը էր։ Քաշքշոցին խառնվելու փոխարեն, նա հեշտությամբ գրկեց Մարինա Խաչատրյանին ու տարավ միջանցք։

«Ազատության» հարցին, թե ինչու գործը հասավ ապտակներին, Մարինա Խաչատրյանն արձագանքեց, թե ՀՀԿ խմբակցության անդամը իրեն անպարկեշտ է պահել, փորձել է հագուստն իր վրայից հանել․ - «Նա փորձում էր իմ անձի նկատմամբ բռնություն կիրառել, ոչ միայն ֆիզիկական բռնություն․ դուք տեսնում եք իմ հագուստը, կարելի է ասել, որ այս հագուստն այլևս իմ վրա չէր»:

Քաղաքապետարան ժամանեցին նաև ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցները։ Ընդմիջում հայտարարվեց։ Վերադառնալով նիստերի դահլիճ՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամները հայտարարեցից, որ իրենց իրերն անհետացել են։ Ներսում իրավիճակը կրկին լարվեց, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը՝ արգելելով նրանց գտնվել դահլիճում ու տեսանկարահանել։

Փակ դռների հետևում մնացին «Երկիր Ծիրանի»-ի անդամ կանայք ու ոստիկանության աշխատակիցները։ Միջադեպից հետո Գոռ Վարդանյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, թե ինքը բռնի ուժ չի կիրառել, պարզապես դուրս է հանել ավագանու ոչ ճիշտ վարք ցուցաբերած ավագանու անդամներին․ - «Այո, ես հանել եմ դուրս ու ճիշտ եմ արել»:

Հանրապետականի տղամարդականց վարքը չդատապարտեցին նաև նույն կուսակցության կանայք։ Նարիա Նահապետյանի կարծիքով, սա առհասարակ հարձակում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա․ - «Այո, հարձակում էր Տարոն Մարգարյանի վրա»:

Արդյո՞ք գարշահոտությունից էր, թե՞ միջադեպից, բայց շտապօգնության մեքենայով սրտի գանգատով հիվանդանոց տեղափոխվեց ավագանու անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։ Քաղաքապետարան էր եկել բժիշկների մեկ այլ բրիգադ: Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ դա հոգեբուժակական ծառայությունն էր․ - «Հոգեբուժարանից մարդիկ էին հրավիրել, որպեսզի․․․ չգիտեմ ում էին ուզում տանել այստեղից: Այդպես էլ չհասկացանք»:

Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ քաղաքապետարան է մեկնել երկու բրիգադ՝ մեկը սրտային, մյուսը՝ հոգեբուժական։ Զանգը, ըստ Ստեփանյանի, եկել է անհայտ համարից ու չի նշվել, թե ում համար են կանչում հոգեբուժական բրիգադը:

Ընդմիջումից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք հաղորդում ներկայացրեցին հանցագործության մասին։ Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել բոլոր ատյաններին։ Ընդդիմադիր կուսկացության ղեկավարը հանդես եկավ նաև ելույթով, որում ասաց․ - «Այդ գարշահոտությունը ուղեկցելու է ձեզ բոլոր վայրերում, որտեղ դուք գտնվելու եք: Նույնիսկ ձեր թանկարժեք օծանելիքը և թանկարժեք կոնյակները ձեզ չեն փրկելու: Ի դեպ, ասեմ՝ գարշահոտությունից չեն խեղդվում: Բայց պետք է թունավորվեք: Մենք ձեր կյանքը թունավորելու ենք»:

Տարոն Մարգարյանը հարկ համարեց հայտարարել․ - «Մենք էլ ենք դատապարտում ուժի կիրառումը, և այստեղ ոչ մեկ ուժ չի կիրառում մեկը մյուսի նկատմամբ»:

Ընդդիմադիր կուսակցությունը, չսպասելով նիստի ավարտին, լքեց դահլիճը։ Րոպեներ անց «Երկիր Ծիրանի»-ն լրագրողներին հրավիրեց իր սենյակ՝ ցույց տալու, որ իրենց բացակայության ժամանակ բացվել է դուռն ու կեղաջրով ապակյա տարաների պարունակությունը լցվել է իրենց սենյակում ու միջանցքում: Ով է դա արել և երբ նրանք չգիտեն։

Նշենք, որ ավագանու այսօրվա նիստում հաստատեց Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցը, և մոտ 500 հազար դոլար տրամադրեց Մոսկովյան փողոցի հիմնանորոգման համար։

Մինչդեռ ընդդիմադիր անդամները դեմ էին այս նախագծին՝ նշելով, որ սա հերթական փողերի լվացումն է։

Երևանի քաղաքապետարանը ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով «Երկիր Ծիրանի» խմբակցության գործողությունները:

Քաղաքապետարանի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը»: