Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) իշխող կուսակցությունը որոշել է պաշտոնանկ անել նախագահ Ջեյքոբ Զումային, ում կառավարման տարիներն ուղեկցվել են աղմկահարույց սկանդալներով: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է շուրջ 13 ժամ տևած հատուկ նիստի ընթացքում: Նախագահին 48 ժամ է հատկացվել հրաժարական տալու համար:
Ենթադրվում է, որ Զումային կփոխարինի երկրի փոխնախագահը՝ Սիրիլ Ռամաֆոսան, ով անցյալ տարի գլխավորել է իշխող կուսակցությունը:
Տեղական լրատվամիջոցները, այդուհանդերձ, հաղորդում են, որ 75-ամյա նախագահը կարող է հրաժարվել կատարել կուսակցության պահանջը: Այդ դեպքում խորհրդարանը կարող է նրան անվստահություն հայտնել:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում նախագահի ընտրությունները նախատեսված են 2019 թվականին: Ջեյքոբ Զուման նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: Չնայած կոռուպցիոն և ծառայողական դիրքի չարաշահման բազմաթիվ մեղադրանքներին՝ նրան հաջողվել է պահպանել նախագահական աթոռը: