Թիլերսոն․ ԻՊ-ը մեծ տարածքներ է կորցրել, բայց մնում է լուրջ սպառնալիք

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Քուվեյթում, 13-ը փետրվարի, 2018թ․

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի անդամներին պայքարել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ՝ զինյալների վերջնական պարտությանը հասնելու համար:

«Խոշոր ռազմական գործողությունների ավարտը դեռևս չի նշանակում, որ մենք հասել ենք ԻՊ խմբավորման պարտությանը», - այսօր Քուվեյթում հայտարարել է Թիլերսոնը:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ԻՊ-ը Սիրիայում և Իրաքում կորցրել է մեծ տարածքներ, սակայն այդ խմբավորումը շարունակում է լուրջ սպառնալիք հանդիսանալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի այլ երկրների անվտանգության համար: Ռեքս Թիլերսոնը նշել է, որ ջիհադիստները այժմ փորձում են անվտանգ թաքստոց գտնել Աֆղանստանում, Ֆիլիպիններում, Լիբիայում, Արևմտյան Աֆրիկայում:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնը որոշել է 200 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Սիրիայի ազատագրված տարածքների կայունության համար: