Նուբարաշենցիները բողոքում են ՔԿՀ-ի վթարված կոյուղուց տարածվող գարշահոտությունից

Նուբարաշենի բանտի հարակից շենքերի բնակիչներն այսօր փակել էին դեպի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։

Բողոքի նման ակցիայի պատճառը բանտի՝ տարիներ շարունակ վթարային վիճակում գտնվող կոյուղին է, որի խցանված լինելու պատճառով տարածքում ամենուր գարշահոտություն է և հակասանիտարական վիճակ։

«Ազատության» հետ զրույցում բնակիչներն ասացին, թե խնդրի լուծման հարցում ձեռքբերում ունենալու միակ ուղին ճանապարհ փակել է, այլ կերպ իրենց հարցն աչքաթող է արվում։

«Թող գան խոստանան, որ մի ամիս հետո կլուծեն էս հարցը», - ասում էին նրանք:

Խնդրին մեկ անգամ մասնակի լուծում տալ փորձել են․ համայնքային իշխանությունը բաց կոյուղու վրա տախտակներ է շարել, հող լցրել, բայց դրանով էլ հարցը չի լուծվել։

Բնակիչների խոսքով, հատկապես երեկոյան 6-ից հետո, տարածքով անցնել անհնար է, հոտն այնքան է սրվում, որ փակ պատուհանն էլ գարշահոտության դեմ պատնեշ չի դառնում։

Փակ ճանապարհի երկու կողմերում մեքենաներ էին կուտակվել, կալանավայրից դուրս եկող մարդիկ, մոտենում էին, համոզում բացել փակ ճանապարհը, սակայն, բորբոքված բնակիչները տեղի չէին տալիս։

Իրավիճակը սրվեց հատկապես այն պահին, երբ հավաքված մարդկանց մոտեցավ «Նուբարաշեն» քերակատարողական հիմնարկի պահակակետի աշխատակիցներից մեկն ու հրահանգեց չխոչընդոտել բնականոն աշխատանքը:

Մոտ 10 րոպե ճանապարհը փակ մնալուց հետո տարածք ժամանեցին ոստիկանության աշխատակիցները։ Իրավապահ մարմնի ներկայացուցիչները զգուշացրեցին՝ ճանապարհը պետք է բացել, այն կարևոր նշանակություն ունի։

Ոստիկանության աշխատակիցները նաև հայտնեցին, որ համապատասխան մարմինները արդեն տեղյակ են խնդրին, նրանք շուտով կլինեն տարածքում։

Ոստիկանության աշխատակիցների հետ բանակցելուց հետո բնակիչները բացեցին ճանապարհը։

«Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկից, սակայն, նրանց ոչ ոք այդպես էլ չմոտեցավ։ Փոխարենը տարածք եկավ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետ Արմեն Մամուլյանը։ Նա հայտնեց, թե Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից իրենց փոխանցել են, որ առաջիկայում հարցը կլուծվի։

«Կապվել ենք Կալանավայրերի վարչության պետի հետ: Իրենց ասելով, մոտակա ժամանակներում կսկվեն շինարարական աշխատանքները: Նախագիծը, նախահաշիվը պատրաստ է արդեն», - ասաց Մամուլյանը:

Հստակ ժամկետներ նշել համայնքային իշխանության ներկայացուցիչը դժվարացավ։ Նուբարաշենի խճուղու հինգ շենքի 300-ից ավելի բնակիչների խնդրի մասին տեղեկանալով՝ տարածք էր եկել նաև Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նա առաջարկեց իրենց ձայն լսելի դարձնելու համար վաղը գնալ քաղաքապետարան և հարցը բարձրացնել ավագանու նիստի ժամանակ:

Բնակիչները, սակայն, նախընտրեցին սպասել մոտ 2 շաբաթ՝ մինչև կլրանա համայնքի ղեկավարության ասած ժամկետը՝ հավելելով, եթե հարցը կրկին աչքաթող արվի, իրենք կդիմեն ավելի կոշտ մեթոդների։