Արամ արքեպիսկոպոս Աթեշյան․ «Ո՞վ ասաց, որ ես անընդունելի եմ»

Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը կրկին ստանձնած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի հերքում, որ թուրքական իշխանությունները հաճախ միջամտել են պատրիարքի ընտրության գործընթացին: «Ազատությանը» տված հարցազրույցում բարձրաստիճան հոգևորականը նշեց՝ պատրիարքական աթոռը պետությունն է հիմնել, և պատրիարքի ընտրության հարցում պետության ձայն միշտ էլ որոշիչ է եղել: «550 տարի է պետության հրահանգով պատրիարքներ իջած են վար, պետության հրահանգով վեր բարձրացած են: Այս երկրի մեջ այդպես է»,- ասաց Աթելյանը:

Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանից ստացված նամակով թուրքական իշխանությունները հայտնեցին, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար՝ Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելը և Գարեգին Բեքչյանին տեղապահ ընտրելու գործընթացն անվավեր է համարվում: Հիշեցնենք՝ անցած տարի մարտին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ պատրիարքի տեղապահ էր ընտրվել հենց Գարեգին Բեքչյանը, ինչից հետո, սակայն, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը փակուղի էր մտել:

Աթեշյանի պնդմամբ՝ իշխանությունների վերջին որոշումը արդարացի է և ամենևին էլ չի հակասում եկեղեցական կանոնադրությանը: Հակադարձելով ստամբուլահայ համայնքից հնչող այն կարծիքներին, թե դեռ 2010-ին պետք էր անմիջապես տեղապահ կամ պատրիարք ընտրել, այլ ոչ թե փոխանորդի պաշտոն հորինել, Աթեշյանը նշեց` թեև երկրի Սահմանադրության մեջ նման պաշտոն չկա, բայց 1960-ին Շնորհք պատրիարքի ընտրությունից հետո այդ ավանդույթը ձևավորվել է: Անդրադառնալով տեսակետներին, թե հրաժարական տալով՝ Աթեշյանը ճանապարհ կհարթեր նոր պատրիարքի ընտրության համար, արքեպիսկոպոսը հայտարարեց՝ չի պատրաստվում հեռանալ և մինչև նոր պատրիարքի ընտրության օրը մնալու է որպես փոխանորդ: «Ո՞վ ասաց, որ ես անընդունելի եմ»,- հարց տվեց Աթեշյանը:

Մեկնաբանելով Պոլսո Հայոց պատրիարքության՝ վերջերս տարածած հայտարարությունը, որով աջակցություն էր հայտնվում սիրիական Աֆրին շրջանում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, Աթեշյանը ընդգծեց՝ ինքը դրա հետ կապ չունի, արքեպիսկոպոս Բեքչյանի ու Կրոնական ժողովի որոշումն է եղել․ «Եթե ես այդ հայտարարությունն անեի, Հայաստանի մեջ էլ, այստեղ էլ իմ հանդեպ հարձակումները կշատանային, բայց ես դա չեմ ասել»:

Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ունեցած անձնական մտերմության շնորհիվ է, որ հաջողվում է պահել իր պաշտոնը, Աթեշյանը պնդեց, թե դա սուտ մտայնություն է, քանի որ, այդ հարցում պետության համար անձը կարևոր չէ: