Արդեն 10 տարի ի վեր փետրվարի 12-ին՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը Պանթեոնում նրա շիրիմի մոտ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամն ու Գրողների միությունը հանձնում են նրա անունը կրող գրական մրցանակը:
Այս տարի Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին է արժանացել անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը:
Մրցանակը հանձնելուց առաջ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ մեծ գրողի անունը կրող այս հեղինակավոր մրցանակին արժանացել են թե՛ գրողներ, թե՛ գրականագետներ, որովհետև, նրա խոսքով, «առանց գրաքննադատության, առանց գրականագիտության դժվար է պատկերացնել»․ - «Յուրաքանչյուր գրողի պետք են բացահայտողներ, գրականագետներ, փիլիսոփաներ»:
Վազգեն Գաբրիելյանը Հրանտ Մաթևոսյանի թողած գրական ժառանգությունը ոչ միայն ներկայացրել է մի շարք գիտական ուսումնասիրություններով, այլև մայր բուհի Հայ բանասիրության ֆակուլտետում 2005 թվականից երեք անգամ գիտական նստաշրջաններ է կազմակերպել «Մաթևոսյանական ընթերցումներ» խորագրի ներքո: Գիտաժողովներին հնչած գիտական բանախոսությունները հրապարակել է առանձին ժողովածուներով:
Վազգեն Գաբրիելյանն այսօր մրցանակը ստանալուց հետո մեկ անգամ ևս անդրադարձավ մեծ գրողի թողած գրական ժառանգությանը․ - «Հսկայական ժառանգություն: Այդ գրականությունը այն գրականությունն է, որ ապրեցնում էր մեզ այն ժամանակ և շարունակում է ապրեցնել: Ես կարծում եմ, որ այդ գրականությունը չափազանց կարևոր գրականություն է մեր գրական զարգացման հետագա ընթացքի համար: Եվ դա պատահական չէ․ թեև արդեն տարիներ են անցել, բայց այնուամենայնիվ արդեն 70-ականներից, 80-ականներից Հրանտի մասին ստեղծվեց հսկայական գրականություն»:
Հրանտ Մաթևոսյանի տիկնոջ՝ Վերժինե Մովսիսյանի խոսքով, Մաթևոսյանը գրականությանը զուգահեռ կարևորել է թե՛ գրականագիտությունը, թե՛ գրաքննադատությունը․ - «Մի պայծառ օր ասեց՝ Վերժուկ, նենց մի երազ տեսա, մեր գյուղի գերանների վրա նստել էինք ես, Թումանյանն ու Տոլստոյը, զրուցում էինք: Մեկ էլ Տոլստոյը վեր կացավ ու գնաց: Թումանյանն ասեց՝ այ տղա, էդ ի՞նչ ասեցիր, որ գնաց: Ասում ա՝ ու զարթնեցի: Ինքը գիշեր-ցերեկ գրողական կյանքի մեջ էր»:
«Ազատության» հարցին, թե ինչը կառանձնացնի մաթևոսյանական գրական ժառանգության մեջ, Վազգեն Գաբրիելյանը պատասխանեց․ - «Ինքը նոր լեզու գրեց, էդպիսի լեզու չկար․․․ Մեծ կյանք կա Հրանտի մոտ: Ինքը մեր լեզուն տարավ մեր գրողներից տարավ դեպի Տոլստոյի, տարավ եվրոպական գրողների․․․ լեզուն, մտածողությունը, դա որոշակի փաստ է»:
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նոր հրատարակություններ կլինեն․ - «Անտիպները արդեն այս տարի շնորհանդեսը կանենք: Մտածում ենք հատկապես մանկապատանեկան գրականության վերահրատարակման մասին․ ինձ թվում է դա լուրջ բաց է և լուրջ բացակայություն է: Այս տարվա ընթացքում, եթե ֆինանսավորում գտնենք, գործընկերներ գտնենք, կփորձենք դա էլ իրականացնել»: