Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցի նախաշեմին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է՝ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները գտնվում են «կրիտիկական հանգրավանում»: «Կամ մենք կարգավորում ենք հարաբերությունները, կամ դրանք վերջնականապես կխաթարվեն»,- այսօր ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք արդեն ոչ թե խոստումներ, այլ հստակ քայլեր ենք ցանկանում: Մենք այդ մասին կասենք Թիլերսոնին իր այցի ժամանակ»,- նշել է Չավուշօղլուն, պնդելով, թե սիրիական որոշ շրջաններում Վաշինգտոնը չի պայքարում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, որպեսզի «հիմնավորի քրդական ջոկատների հետ համագործակցության անհրաժեշտությունը»:
Թուրքիան, հիշեցնենք, վերջին երեք շաբաթերին ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ջոկատների դեմ, պնդելով, թե նրանք ահաբեկիչներ են: Միացյալ Նահանգները, մինչդեռ, վերջիններիս ոչ միայն ահաբեկիչ չի համարում, այլև զինում է և համագործակցում նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Չնայած Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների մտահոգություններին՝ թուրքական իշխանությունները հայտարարում են, թե չեն պատրաստվում վերջ տալ ռազմական գործողություններին Սիրիայի քրդական խմբավորումների դեմ: Ավելին՝ Անկարան հայտարարում է, թե Աֆրինից հետո մտադիր են թիրախավորել նաև հարևան Մանբիջն ու Իդլիբի նահանգը՝ հասնելով ընդհուպ մինչև Իրաքի հետ սահման:
Թուրքական ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում արդեն քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» մոտ 1400 զինյալ է սպանվել: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով, միայն կիրակի` փետրվարի 11-ին, օդային և ցամաքային գործողությունների արդյունքում թուրքական ուժերին հաջողվել է «չեզոքացնել» Աֆրինում դիրքավորված 103 քուրդ զինյալների:
Հունվարից ի վեր Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին էլ ավելի են սրվել թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները, որոնք մինչ այդ էլ լարված էին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող՝ ԱՄՆ-ում բնակվող թուրք քարզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցի պատճառով: Վաշինգտոնը պնդում է, որ Անկարան չի ներկայացրել նրա արտահանձնման համար բավարար հիմնավորումներ:
Թուրք-ամերիկյան հարաբերությունները քննարկելու նպատակով առաջիկա հինգշաբթի օրը Անկարա կմեկնի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով ներկայումս շրջագայում է Մերձավոր Արելեքում, նա այցելելու է Եգիպտոս, Քուվեյթ, Լիբանան, Հորդանան և Թուրքիա:
Մինչ այդ Անկարա էր մեկնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը, ով իր թուրք պաշտոնակիցների հետ հանդիպման արդյունքներով վերահաստատել է երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, համատեղ հայտարարության մեջ նշելով, թե քննարկում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ընդլայնման ճանապարհները:
ՄըքՄասթերի ու Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընի հայտարարության մեջ ասված է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին և մտքեր են փոխանակվել ամերիկա-թուրքական հարաբերությունների շուրջ, որոնք բնութագրվել են որպես «երկարատև դաշնակցային»: