Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօր օրվա երկրորդ կեսին ձերբակալվել է Կիևում: Դրանից անմիջապես հետո նրա ֆեյսբուքյան էջում մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ տեղադրվեց, որում երևում է, թե ինչպես են զինված հատուկջոկատայինները ռեստորանի սրահում գետնին պառկեցնում մի մարդու, իսկ ջոկատայիններից մեկը հարվածում է այդ մարդուն:
Թեև տեսանյությում հստակ չի երևում, սակայն, ենթադրաբար, ձերբակալվող անձը ներկայումս Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդներից Միխեիլ Սաակաշվիլին է: Նրա թիմակից Դավիդ Սակվարելիձեն ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է, որ բերման ենթարկվողը հենց Սաակաշվիլին է:
Տեսանյութին առնչվող մեկնաբանություններում նշվում է, որ նա ձերբակալվել է «Սուլուգուլի» ռեստորանում: «Հենց նոր «Սուլուգուլի» ռեստորանում դիմակավորված մարդիկ, որոնք իրենց համազգեստի վրա Պետական սահմանային ծառայության տարբերանշան էին կրում, ձերբակալեցին Միխեիլ Սաակաշվիլիին և տարան անհայտ ուղղությամբ»,- գրված է տեսանյութի մեկնաբանությունում:
Դավիդ Սակվարելիձեն գրել է, որ Սաակաշվիլին առևանգողները «Ֆոլքսվագեն» մակնիշի երեք ամենագնաց մեքենաներով էին, նա հրապարակել է նաև մեքենաների պետհամարանիշները: «Բոլորս գնում ենք այնտեղ»,- հայտարարել է Սակվարելիձեն: Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ իրենք չեն ձերբակալել Սաակաշավիլիին:
Մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի վերաքննիչ դատարանը մերժել էր Սաակաշվիլիի բողոքը: Նա հայց էր ներկացրել Կիևի դատրանի այն որոշման դեմ, որով իր առջև փակել էին Ուկրաինայում օրինկան ապաստան ստանալու ուղիները: Սաակաշվիլիի թիմակիցները մտահոգված են, որ նա կարող է արտահանձնվել Վրաստանին, որտեղ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու ազատազրկում է սպառնում: Մտահոգություններ կան նաև, որ Օդեսային նախկին նահանգապետը կարող է վտարվել երրորդ երկիր:
Անցած շաբաթավերջին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սաակաշվիլին ասել էր, թե իր տեղեկություններով՝ Ուկրաինայի իշխանությունները նախապատրաստել և ստորագրել են իրեն Լեհաստան վտարելու որոշում: «Այսինքն՝ ինձ ցանկանում են ուղարկել այնտեղ, որտեղից մուտք եմ գործել Ուկրաինա», - ասել էր Սաակաշվիլին:
Հիշեցնենք՝ անցյալ տարվա սեպտեմբերին Միխեիլ Սաակաշվիլին հարյուրավոր աջակիցների հետ Լեհաստանից մուտք էր գործել Ուկրաինա: Ուկրաինա-լեհական սահմանային անցակետում հատուկջոկատայիններն ու սահմանապահները փակել էին նրա ճանապարհը, սակայն Սաակաշվիլիին հաջողվել էր ճեղքել շրջափակումն ու մուտք գործել Ուկրաինա:
Ուկրաինացի սահմանապահները հայտարարում էին, որ թույլ չեն տա նրան մտնել երկիր, քանի որ վերջինիս ուկրաինական անձնագիրն այլևս վավերական չէ: Սաակաշվիլիին իր հերթին պնդում էր, որ չի հանձնվելու, իսկ արդեն Ուկրաինայում բողոքարկելու է իրեն քաղաքացիությունից զրկելու՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը: