Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամների հետ, որին մասնակցել են նաև ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը։
Պետրոսյանը նաև նշեց, որ հանդիպմանը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել, սակայն առաջիկայում նման հանդիպում նախատեսվում է։
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական մի շարք ուժերի, մասնավորապես՝ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ), Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության անդամների և Արամ Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության հետ: