Թուրք-ամերիկյան բանակցություններ Ստամբուլում

Ստամբուլ, արխիվ

Այսօր Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը: «Daily Sabah»-ի փոխանցմամբ հանդիպմանը քննարկվել է կողմերի միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները:

Թուրքիայի նախագահի գրասենյակի աղբյուրները պարբերականին ասել են, որ նրանք քննարկել են երկու երկրների առաջնահերթություններն ու նրբազգաց հարցերը, ընդհանուր մարտահրավերն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ հանգամանալից քննարկվել են երկկողմ հարաբերությունների վրա բացասական ազդեցությունները:

Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում վերջին շրջանում որոշ լարվածություն էր առաջացել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության/Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի հարցում:

ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում աջակցում էր քրդական ջոկատներին, իսկ Թուրքիան քրդական կազմակերպություններին ահաբեկիչներ է համարում և անցած հունվարից նրանց դեմ ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում:

Ըստ «Daily Sabah»-ի՝ հաջորդ շաբաթ ակնկալվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Թուրքիա: