Նախագահի շարասյան անցնելիս արգելափակված հրշեջ մեքենան՝ բուռն քննարկումների պատճառ

Այս շաբաթ համացանցում բուռն քննարկվում էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկի ներբեռնած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ձայնային ու լուսային ազդանշանները միացրած հրշեջ ծառայության մեքենան փորձում ճեղքել մեքենաների շարքը, ինչն այդպես էլ նրան չի հաջողվել: Տեսագրության հեղինակ Արսեն Թորոսյանն ասում է՝ պետավտոտեսուչները փակել էին խաչմերուկը, որովհետև ՀՀ նախագահի ավտոշարասյունն էր անցնում:

«Եթե վիդեոն ուշադիր նայեք, այնտեղ նախագահի կորտեժն է՝ դրոշով Հայաստանի: Դա նորմալ է, իրականում: Աննորմալ է այն, որ առաջնահերթությունների խնդիր կա: [Հրշեջ մեքենան] Հասկացնում էր այդ խաչմերուկը փակած ոստիկաններին, որ ինքը իրոք շտապում է: Իրենք էլ են երևի շփոթել, կամ համարձակությունը չի ներել արագ որոշում կայացնեն՝ բացեն հետո նորից փակեն: Իրականում արտառոց բան է տեղի ունեցել: Անկախ նրանից, որ երկրի բարձրագույն ղեկավարությանը տեղափոխելիս փակում են փողոցները, բայց կարծում եմ, որ հրշեջի դեպքում պետք է միշտ բացառություն արվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թորոշյանը:

Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ ձայնային ու լուսային ազդանշաններ ունեցող տրանսպորտային միջոցները կարող են չպահպանել ճանապարհային երթևեկության որոշ կանոններ: Այդ իրավիճակի ականատեսը միայն Արսեն Թորոսյանը չէ, նրա ֆեսյբուքյան էջում տեղադրված տեսագրության ներքևում ականատեսներից մեկն էլ գրել էր՝ ուրախ եմ, որ մեկին հաջողվել է ֆիքսել այս պահը: Օգտատերը նաև ընդգծել էր ժամը՝ առավոտյան 9։30-10:00-ը:

Մի ականատես էլ իր նկարահանած կադրերն էր տեղադրել Թորոսյանի էջում: 190-ից ավելի օգտատեր Ֆեյսբուքում տարածել են այս կադրերը: Դրանցից մեկն էլ «վարորդի ընկեր» ՀԿ-ի հիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն է: «Ազատության» հետ զրույցում նա չշտապեց մեղադրել ոչ ոքի, բայց նշեց՝ օրենքից զատ նաև բարոյական գործոնը պետք է հաշվի առնել․ - «Մի պահ պատկերացնենք, որ այն ոստիկանը, որը հրշեջ ծառայության դիմաց ճանապարհը փակել էր, եթե օրինակ իր տունը հրդեհվեց ի՞նչ կաներ»:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց՝ ձայնային ու լուսային ազդանշաններ ունեցող հրշեջ մեքենան ու նախագահական ավտոշարասյանն ուղեկցող մեքենաներն այս պարագայում հավասարազոր իրավունքներ ու արտոնություններ ունեն: Շարունակեց՝ այստեղ հրշեջ մեքենայի վարորդի պրոֆեսիոնալիզմի հարցն է, նա կարող էր դուրս գալ հանդիպակաց երթևեկության ուղի՝ որն ազատ էր, հասնել ոստիկանության տեսուչին, նա էլ՝ ապահովելով անվտանգությունը, թույլ կտար, որ հրշեջ մեքենան առաջինն անցնի: Ականատես Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերը տեղադրել էին Shamshyan.com կայքից մի հոդված, որտեղ երևում է, որ հրդեհի վայր հասած հրշեջ մեքենաներից մեկն էլ խցանման մեջ մնացած մեքենան էր՝ 0084 համարակալմամբ: Ըստ ականատեսների՝ մեքենան խցանման մեջ է եղել 9.30-10-ի սահմաններում, իսկ ըստ այրված բնակարանի տանտերերի հարևանուհու՝ կրակը մարվել է ժամը 11-ի սահմաններում: Հարևանուհին՝ Աննա Քոչարյանը, ականատես Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «այդ վայրկյաններն ինձ տարիներ էին թվում»: Հրդեհից տուժել է նաև նրա բնակարանի տանիքը:

Տանտիրուհին՝ Լուիզա Գրիգորյանն ասում է՝ ընտանիքն այլևս ոչինչ չունի՝ ամեն ինչ մոխիր է դարձել: - «Չհասցրեցին ժամանակին հանգցնել ու արդեն կրակը բռնկվեց մյուս սենյակներում», - պատմում է նա: - «Եթե այդ պահին հասնեին, ամեն ինչ տեղին հասցնեին, հյուրասենյակը չէր բռնկվի»:

Ըստ ականատեսների գրառումների՝ հրշեջ մեքենան հնարավոր բոլոր տարբերակներով ցույց է տվել, որ շտապում է, այդուհանդերձ ճանապարհը բացվել է նախագահական ավտոշարասյան անցնելուց շուրջ մեկ րոպե հետո:

Սերգեյ Ղահրամանյանը ասում է՝ մեկ րոպեի ընթացքում համակարգային մի շարք խնդիրներ ջրի երես դուրս եկան․ - «Չկա կապը Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության մեջ, երբ պետք է դեպքի վայր ժամանեն: Նախագահի անցնելուց հետո կոպիտ ասած՝ թքած ունեն մյուս քաղաքացիների վրա, որոնք նստում են մեքենա, որպեսզի Ա կետից տեղաշարժվեն Բ կետը և մեջտեղում լռվում են»: