Սլավիկ Սարգսյանը իր՝ արդեն 33 տարվա մեքենայով ամեն օր ջուր է հասցնում Արտենի գյուղին։ Առաջ նույն գործը հայրն էր անում։ Արագածոտնի մարզի այս գյուղում խմելու ջուր չունեին դեռ անկախացումից առաջ։ Գյուղ այցելած իշխանության բոլոր ներկայացուցիչներին Արտենիի բնակիչները իրենց խնդրի մասին պատմել են։
«Նախանցած խորհրդարանական ընտրություններին նախագահը եկավ, ներկայացրեց իր թիմի անդամին՝ Մնացական Մնացականյանին: Ժողովուրդը էդ հարցը տվեցին: Արմեն Գևորգյանը՝ տարածքային կառավարման նախարարն էր, պատասխանեց, որ՝ Թալինում ջրամբարի ջուրը չի բավարարում Թալինին, պիտի յոլա գնաք՝ մինչև տեսնենք ինչ կլինի», ֊ «Ազատության» հետ զրույցում պատմեց Սլավիկ Սարգսյանը:
Ջրի մատակարարը արթնանում է, երբ գյուղում դեռ բոլորը քնած են։ Վերացնում մեքենայի անսարքություններն ու ճանապարհ ընկնում դեպի մարզկենտրոն Թալին։
«Ամառը ժամը չորսին ես գնում եմ, հերթ եմ կանգնում, քնում եմ մեքենայի մեջ, ջուրը բերում հասցնում եմ», ֊ պատմում է նա: ֊ «Կյանքի գնով գնում֊գալիս եմ էս ճանապարհը: Դեռ լավ է, որ հիմա ձյուն չկա: Որ բուք է անում՝ ճանապարհը փակվում է»:
Գյուղ հասնելուն պես Սլավիկ Սարգսյանը սկսում է ջուրը բաժանել։ Գրեթե բոլոր տների առաջ դատարկ տարաներ են դրված։ Նախկինում 40 լիտրի համար Արտենիի ջրի միակ մատակարարը 200 դրամ էր վերցնում։ Գազի գնի բարձրացումից հետո ստիպված ավելացրել է վարձը։ Ասում է՝ ի տարբերություն հարևան գյուղերի ինքը ջուրն ավելի մատչելի գնով է վաճառում։ Բացի այդ գյուղացիների համար այսպես կոչված «նիսիան» է գործում․ ֊ «Ամենացածր գնով ջուր ծախողը ես եմ եղել: Բոլոր տեղերը 250-300, Հոկտեմբեյան՝ 400»:
Արտենիում նույնիսկ շատրվանն է անջուր։ Գյուղամիջում հավաքվածներն ասում են՝ խորհրդային տարիներից հետո այստեղ ոչինչ չի փոխվել, այդ պատճառով էլ Լենինի, Ստալինի ու մյուսների պաստառները մշակույթի տան պատից չեն իջեցնում։
Գյուղացիներն ասում են՝ «Լենինի օրն ենք ընկել՝ մեռած ենք, թաղած չենք»:
Փոփոխություններ չեղան նաև այն բանից հետո, երբ Արտենին խոշորացավ ու հարևան չորս գյուղերի հետ միավորվեց:
Գյուղամիջում էլ հիմնական թեման թանկացումներն են։ Ոռոգման ջրի մատակարարման սակագնի բարձրացումից հետո գյուղացիներից շատերը նաև հողերն են անմշակ թողել։