Բաբայանի գործով դատարան կբերվի «Իգլան» վաճառած առանցքային մեղադրյալը

Ըստ գործի նյութերի, «Իգլան» վաճառել էր Ռոբերտ Աղվանյանը: Նա ձերբակալվել էր դեռ մարտի 27-ին Թբիլիսիում, բայց Հայաստանին էր հանձնվել միայն դեկտեմբերի վերջին:

Սամվել Բաբայանի դատավարության մեկնարկից մոտ 1 տարի հետո, վերջապես դատարան կբերվի և կհարցաքննվի գործով առանցքային դերակատարում ունեցած՝ իսկ ավելի հստակ՝ «Իգլան» վաճառած Ռոբերտ Աղվանյանը։ Վերաքննիչ ատյանն այսօր բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, ըստ որի Բաբայանն ու իր փաստաբանը պահանջում էին նիստերի դահլիճում լսել այս գործով գլխավոր մեղադրյալին։

Քննարկելով միջնորդությունը՝ նախագահող դատավորը հայտնեց՝ հաջորդ նիստին դատավարության մասնակիցներին հնարավորություն կտրվի լսել, նաև հարցեր ուղղել Ռոբերտ Աղվանյանին։

Հիշեցնենք, Աղվանյանը, ըստ գործի նյութերի, հանդիսանում է այն անձը, ով վաճառել է հայտնի «Իգլան»։ Նա վերջին տարիներին ապրում էր Վրաստանում, ձերբակալվել էր դեռ մարտի 27-ին Թբիլիսիում, բայց Հայաստանին էր հանձնվել միայն դեկտեմբերի վերջին։ Աղվանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար։

«Ռոբերտ Աղվանյանի անձը և նրա ենթադրյալ գործողությունները, որոնք նշված են մեղադրանքում, անմիջականորեն կապ ունեն ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի հետ», - դատարանում հայտարարեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Ըստ մեղադրանքի՝ Աղվանյանը 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պատրաստակամություն էր հայտնել տրամադրել դյուրակիր զենիթահրթիռային համալիրը, ապա պայմանավորվածություն ձեռք բերելով մի շարք անձանց հետ՝ 4 հազար դոլար կանխավճար ստանալով՝ «Իգլան» հանձնել էր Հրաչյա Մալյանին։ Հենց վերջինիս ցուցմունքի հիման վրա էլ ձերբակալված և 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանն այսօր հայտարարեց, որ միայն Ռոբերտ Աղվանյանին լսելուց հետո հնարավոր կլինի հասկանալ՝ իրեն առաջադրված մեղադրանք իսկապե՞ս համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ։

«Մարդը մատնանշում ա, որ ինքը 4 հազար դոլար ա վճարել, զենքը անցկացրել է Հայաստանի տարածք: Ուղղակի ճշտեք՝ զենք անց ա կացրել, թե չէ, գումար տվել ա, թե չէ ու տվյալ անձի իսկությունը՝ իրական ինչքանով ա ճշմարիտ: Հակառակ դեպքում դառնում ա, որ ինչ-որ մեկը մի հատ ցուցմունք ա տվել, դրա համար էս երեքիս դատում են: Չճշտելով է մարդու ցուցմունքը իրականությանը համապատասխանում ա, թե ոչ », - ասաց Սամվել Բաբայանը:

Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն էլ միջնորդություն ներկայացրեց դատարանում հարցաքննել գործով վկա, ազգությամբ եզդի Ռուստամ Սադոյանին։ Ըստ նրա՝ Աղվանյանը Սադոյանին ևս առաջարկել է ձեռք բերել ուսին դրվող զենք և այն վաճառել քրդերին։ Գաբրիելյանը հայտարարեց՝ սա խոսում է այն մասին, որ Աղվանյանը զբաղվում է զենքի վաճառքով։

«Կա մի հատ եզդի Ռուստամ, որ ինքը [Աղվանյանը] առաջարկել ա իրան նույն զենքը: Եթե էդ պատվերը իմ պատվերն ա, կամ եթե դրդում եմ էդ մարդկանց, ինչի՞ են էդ մարդուն իրան նորից առաջարկում ուսին դնելու զենք: Խնդրում եմ էդ Ռուստամն էլ թող ներկա լինի: Եթե դա իմ պատվերն ա, Ռուստամին ինչի՞ են առաջարկում: Ուրեմն իրանք զենք ծախող են», - ասաց Սանասար Գաբրիելյանը:

Պաշտպանական կողմի մյուս մասնակիցները, սակայն, նշեցին, որ ազգությամբ եզդի Ռուստամ Սադոյանին կրկին դատարան հրավիրելու հարցը ճիշտ կլինի քննարկել Ռոբերտ Աղվանյանին լսելուց հետո։ Դատավորն էլ որոշեց Գաբրիելյանի միջնորդության քննարկումը հետաձգել մինչև այդ պահը։

Այսօրվա նիստի ընթացքում պետական մեղադրողը հակադարձեց նաև վերաքննիչ բերված բողոքին։ Դատախազ Արամ Արամյանը նշեց, որ Բաբայանի և մյուսների մեղքն արդեն իսկ հիմնավոր ապացուցվել է առաջին ատյանում և բողոքը ենթակա է մերժման։

«Ակնհայտ է, որ բանակին նվիրաբերելու շարժառիթը չի համապատասխանում իրականությանը, դա հերքված է գործով ձեռք բերված պատշաճ ապացույցներով : Գտնում եմ, հարգելի դատարան, բողոքները հիմնազուրկ են, ենթակա են մերժման: Խնդրում եմ բողոքները մերժել՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատական ակտը», - ասաց Արամ Արամյանը:

Հայտարարության իրավունքով պետական մեղադրողին հակադարձեց Բաբայանը նշելով՝ ԱԱԾ-ի կողմից գաղտնալսումները ցույց են տալիս, որ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը զենքի մասին խոսել են շուրջ 1 տարի, իսկ իր անունը շոշափվել է միայն մի քանի օր և այն էլ չկա որևէ ապացույց, որ ինքն է եղել դրա պատվիրատուն։ Մեղադրողի խոսքին արձագանքեց նաև Սանասար Գաբրիելյանը։

«Իրանք [ձայնագրություն] չունեն մինչև մարտի 17-ը, 18, 19՝ երեք օր:Էս մարդիկ տարիուկես, երկու տարի զբաղվել են, վերջին մի ամսո՞ւմ եք ինձ վրա կարում էդ գործը», - ասաց Սամվել Բաբայանը:

«Հարգելի դատարան, խնդրում եմ, պարոն մեղադրողին ասեք՝ թե ինչ պատվեր ա, ինչ ա, ախր էգուց կգնա, իրանց քուչում էլ ամոթանք կտան՝ կասեն էդ ում էիր դատում », - հայտարարեց Սանասար Գաբրիելյանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը փետրվարի 16-ին։