Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա:
«Հարցը որպես էդպիսին, որ դուք պրոբլեմ եք փնտրում, պրոբլեմ չկա։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության համար Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիություն 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ից», - ասաց Սարգսյանը:
«Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ, և ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ: 2011-ին հրաժարականս տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեն տվել, որ գնացել եմ, և էդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի», - նշեց Արմեն Սարգսյանը:
«Ձեր հղումը, որ տալիս եք, 2014 թվականին, Eurasia House-ը իմ հիմնադրած կազմակերպությունն է, որը հիմնադրել եմ 2000-ականների սկզբին, և դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ էր և կոչվում էր Eurasia Center, որը տասնյակ, հարյուրից ավելի հայ երիտասարդների կրթություն է տվել Բրիտանիայում և այլ վայրերում: 2010-ի շրջանակներում այդ կազմակերպությունը դադարեցրեց գործունեությունը տարբեր պատճառներով», - ասաց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը:
Հարցին, թե «ինչպե՞ս է փաստաթղթերում մնացել, այդ ռեգիստրում ինչո՞ւ եք գրանցված որպես բրիտանացի 2014 թվականին», նա արձագանքեց․ - «Եթե ուրիշ ընկերություններ նայեք, Դավոսը եթե նայեք, կարող է գտնեք, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Դուք պատկերացնում եք, որ Բրիտանիայում հենց որ մեկը հրաժարվեց, ամեն տեղից իր անունը հանում են»:
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության՝ Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և Հայաստանում մշտապես բնակվող անձը:
Տե՛ս նաև այստեղ