Մեղադրողը պահանջեց 11 տարվա ազատազրկման դատապարտել Ժիրայր Սեֆիլյանին

Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, արխիվ

Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը պահանջեց 11 տարվա ազատազրկման դատապարտել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ամբողջությամբ ապացուցված համարելով ընդդիմադիր գործչի մեղքը։

Մեղադրական ճառում դատախազ Հակոբ Ենոքյանը հայտարարեց, թե Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրությամբ փայտյա և մետաղյա շուրջ չորս տասնյակ մահակներ և ձողեր են հավաքել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։

«Տարաբնույթ սադրիչ ելույթներով, կոչերով մարդկանց տրամադրել, նախապատրաստել են հասարակական անվտանգությունը վտանգող, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգությունների», - ասաց դատախազը:

Մեղադրողը պնդեց նաև Սեֆիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը, որ նա զինված խումբ և ենթախմբեր է ստեղծել՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքներ էր անցկացնում, իսկ հետո նաև 2016 թվականին, ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ։

«Քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ շենքեր, շինություններ զավթել և դրանք պահելուց հետո պետությանը հարկադրել որոշակի գործողությունների կատարմանը», - ասաց Ենոքյանը:

Դատախազը հայտարարեց, թե մասնավորապես ծրագրված է եղել գրավել Նորքի հեռուստաաշտարակը և Նուբարաշենում տեղակայված զորամասեր։

Պետական մեղադրողն ասում էր, թե Ժիրայր Սեֆիլյանին վերագրվող հանցաքների հանրային վտանգավորությունը էապես բարձր է․ - «Երկարատև կայուն հանցավոր վարքագիծ դրսևորելը, հարձակումների համար զինվորական օբյեկտներ թիրախավորելը՝ դրանցում առկա մեծ քանակությամբ հրազենի, ռազմամթերքի, նույնիսկ ռազմական տեխնիկայի տիրանալու նպատակով, իր մշակած հանցավոր ծրագրերի իրականացման ընթացքում մեծ թվով անձանց կյանքի և առողջության վնաս պատճառելու բարձր հավանականությունը գիտակցելու պայմաններում՝ նշված հետևանքների նկատմամբ անտարբերությունը»:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Սեֆիլյանի համար որպես մեղմացուցիչ հանգամանք մեղադրողը վկայակոչեց խնամքին անչափահաս որդի ունենալը և Ղարաբաղյան պատերազմում «ակտիվ մասնակցությունը»։

Գևորգ Սաֆարյանին մեղադրողը միջնորդեց դատապարտել 4.5 տարվա ազատազրկման, իսկ պատժաչափը հաշվել 2017 թվականի դեկտեմբերից, այնինչ Սաֆարյանը մեկ այլ՝ «տոնածառի» գործով արդեն երկու տարվա ազատազրկման պատիժ է կրել։

Այս գործով անցնող մյուս մեղադրյալների՝ Սասունիկ Կիրակոսյանի համար դատախազը պահանջեց 4.5, Ներսես Պողոսյանի համար՝ 4, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի համար էլ՝ 3-ական տարվա ազատազրկում։

Ամենամեղմ՝ 2 տարվա պատժաչափ դատախազը միջնորդեց մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանի համար, ով միակն է, ով դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել:

Ապացուցված համարելով նաև Պետրոսյանի մեղքը, դատախազ Հակոբ Ենոքյանը միաժամանակ ասաց, որ նա համագործակցել է իրավապահների հետ, ուստի կան էական մեղմացուցիչ հանգամանքներ՝ «հանցագործությունը բացահայտելուն և մյուս մասնակիցներին մերկացնելուն աջակցելը, իսկ ծանրացնող հանգամանքներ առկա չեն»: «Խոստովանական ցուցմունքներ տալու հանգամանքները, որ առկա են, Հովհաննես Պետրոսյանին վերագրվող հանցագործության հանրային վտանգավորությունը էականորեն նվազեցնող բացառիկ հանգամանքներ են», - հայտարարեց պետական մեղադրողը:

Հովհաննես Պետրոսյանը դատարանում ասել է, թե «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդի հետ ծանոթացել է Ֆեյսբուքի միջոցով, հետո նրանից հրահանգ ստացել՝ պատրաստվել Նորքի հեռուստաաշտարակը գրավելուն։

Որոշ մեղադրյալներ ցուցմունք են տվել, որ Սեֆիլյանին միայն հեռուստացույցով են տեսել, անձամբ չեն ճանաչում։ Մինչդեռ, ըստ մեղադրանքի, նրանք Սեֆիլյանի ստեղծած զինված հանցախմբի անդամներ են։

Պատժաչափերի հրապարակումը դահլիճում աղմուկ բարձրացրեց, մեղադրյալներից Ներսես Պողոսյանը զայրացավ, դատավորը նրան հեռացրեց դահլիճից:

Գևորգ Սաֆարյանը զարմացած չէր, որ իր համար 4.5 տարվա ազատազրկում են պահանջում: «Ժողովուրդ ջան, հանգի՛ստ, մի՛ խառնվեք իրար: Ամեն ինչ նորմալ ա, ամեն ինչ տենց էլ պիտի լիներ», - հայտարարեց նա:

Ժիրայր Սեֆիլյանը ժպտալով էր լսում դատախազի ճառը: Այսօր նա խոսել էր ավելի վաղ, երբ պահանջում էր դահլիճ վերադարձնել նիստից հեռացված Գևորգ Սաֆարյանին: «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդը նորից հայտարարեց՝ սա դատավարություն չէ․ - «Դուք միշտ խանգարել եք, թույլ չեք տվել, որ մենք խոսանք: Սա դատարան չի, Դուք դատավոր չեք»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը «դաժան հաշվեհարդար» որակեց պետական մեղադրողի պահանջած պատժաչափերը:

«Ընդգծված, պետական իշխանությունը օգտագործվում է լռեցնելու, ռեպրեսիաներ կիրառելու առումով, և պետությունը իր ուժն է փորձում ցույց տալ և ոչ միայն ահաբեկել, այլ՝ անմարդկային ձևով, ճառերը անմարդկային էր, դատաքննության հետ կապ չունեցող, իսկ վերջում պատժաչափերը՝ ընդգծված ցույց տալու համար, որ պետությունը ցանկացած պետական պաշտոնյայի ձեռքով, էս դեպքում՝ մեղադրողների ձեռքով, մահակ է, որպեսզի պատժի, չգիտեմ, խոշտանգի, ցույց տա իր ուժը, որ որևէ ձևով ճանապարհ չկա», - հայտարարեց Հայրապետյանը:

«Սա իշխանության գռեհիկ յուրացում է, և սրանով փորձում են լռեցնել ոչ միայն Սեֆիլյանին՝ մնացածներին», - պնդեց փաստաբանը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեղադրական ճառում չէր լսել փաստեր, հիմնավորումներ: «Ժիրայր Սեֆիլյանի դեմ բացահայտ անձնավորված հետապնդում էր, Սեֆիլյանին 11 տարով, Ներսես Պողոսյանին՝ 4 տարով կամ մյուսներին տևական ժամանակով ազատությունից զրկելը ընդամենը հետապնդում է մի նպատակ, որ գործող քաղաքական իշխանությունը իր միակ, իր համակարգից դուրս գտնվող, իրեն չենթարկվող քաղաքականությամբ զբաղվող մարդկանցից ուզում է ազատվել», - հայտարարեց Պապիկյանը:

Մեղադրյալները ճառերով հանդես կգան երկու շաբաթից: Առայժմ անորոշ է՝ արդյոք շուրջ 9 ամիս տևած դատավարությանը գոնե մեկ անգամ գործի մասին կխոսի՞ Ժիրայր Սեֆիլյանը, ով մեղադրանքը «քաղաքական հաշվեհարդար» է որակել, դատական նիստերն էլ՝ «թատրոն»: