Աֆղան Մուխթարլին իր դատավարությունը արդարադատության ծաղր է համարում

Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլի, 8-ը փետրվարի, 2018թ․

Ադրբեջանում բանտարկված լրագրող Աֆղան Մուխթարլին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իր դատավարությունը «արդարադատության ծաղրանք» է, որի հետևում կանգնած է նախագահ Իլհամ Ալիևը:

Անցած հունվարին նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել մաքսանենգության, սահմանը անօրինական հատելու և պաշտոնյաների նկատմամբ բռնությունների դիմելու մեղադրանքներով: Մուխթարլին մեղադրանքները չի ընդունել՝ իր դեմ հարուցված գործը համարելով քաղաքական:

Աֆղան Մուխթարլին «Ազատության» հետ խոսել է փետրվարի 8-ին, Զաքաթալայի շրջանի իր հայրենի Թալա գյուղում: Իրավապահները նրան երկու օրով բաց են թողել՝ ներկա գտնվելու քրոջ և երկու զարմուհիների հիշատակի սգո արարողությանը: Նրանք անցած դեկտեմբերին տանը մահացել էին գազի արտահոսքի հետևանքով:

Աֆղան Մուխթարլին իր կնոջ՝ Լեյլա Մուստաֆաևայի հետ 2015-ին տեղափոխվել էր Վրաստան անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանք վախենում էին, որ լրագրողին իշխանություններին քննադատող հոդվածների պատճառով Ադրբեջանում կարող են հետապնդումների ենթարկվել: 2017-ի մայիսին Մուխթարլին Թբիլիսիում անհետացել էր: Մեկ օր անց Ադրբեջանի իշխանությունները հայտնեցին, որ նա գտնվում է Բաքի բանտում: Մուխթարլին և նրա փաստաբանները հայտարարել են, որ Թբիլիսիում նա առևանգվել է և անօրինական տեղափոխվել Ադրբեջան: