Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այսօր Ազգային ժողովում հանդիպում է ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորների հետ:
Նախօրեին «Ազատության» հետ զրույցում «Ելք»-ի պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ինչպես էլ անցնի հանդիպումը, իրենք, միևնույն է, դեմ են քվեարկելու Սարգսյանի թեկնածությանը:
Թե ինչ հարցեր ունեն Արմեն Սարգսյանին՝ Միրզոյանը այդ առնչությամբ ասաց․ - «Նախ, հանդիպումը նախաձեռնել է պարոն Սարգսյանը և ըստ երևույթին ասելիք ունի, այնպես որ, նախ և առաջ պետք է լսենք՝ մարդը ինչ ծրագիր ունի, ինչ է ուզում մեզ ասել, ինչ տեղեկատվություն, տեսլական գուցե ունի, որով ուզում է կիսվել մեր հետ: Մենք հայտարարել ենք, գիտեք, որ մենք, միևնույն է, դեմ ենք քվեարկելու, և մենք կլսենք պարոն Սարգսյանին»:
«Ես ինքս ունեմ հարցեր՝ կապված նրա մոտեցումներին քաղբանտարկյալների հարցում, ես անուններ եմ տալու, տեսնեմ՝ ինքը ո՞նց է տեսնում այդ մարդկանց ճակատագիրը՝ Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, Գևորգ Սաֆարյանի, մյուսների: Ուզում եմ լսել էդ մարդու տեսլականը և մոտեցումները՝ կապված Հայաստանում ընթացող վերջին պրոցեսների քաղաքական՝ կապված սուպերվարչապետացման հետ, և այլն, և այլն, և ընտրությունների համակարգի հետ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով․ - «Որովհետև, գիտեք, պարոն Սարգսյանը շարունակաբար գտնվել է Հայաստանից դուրս, և մեզ համար, ըստ էության, միայն դիմանկար է՝ մենք չգիտենք էդ մարդու հայացքները որևէ հարցի շուրջ»:
Միաժամանակ, Միրզոյանն ընդգծեց, որ ելնելով այս օրերին Արմեն Սարգսյանի ունեցած հրապարակային ելույթներից՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը նրա կողմից ընդունելը «ֆանտաստիկայի ժանրից է, մեծ հաշվով»: «Հանդիպումից և առհասարակ Արմեն Սարգսյանից մեծ, էդպես, ակնկալիքներ պետք չի ունենալ, որովհետև էդ մարդը, այդուհանդերձ, ՀՀԿ-ի՛ թեկնածուն է, և ՀՀԿ-ից առաջ՝ անձամբ Սերժ Սարգսյանի թեկնածուն է, և պետք է որ լավ իմանա, և խելացի մարդ է, գիտի՝ ուր է գալիս, որտեղ ինչ պայմաններով են աշխատում, որտեղ ով է հարցերը որոշում», - նշեց «Ելք»-ի ներկայացուցիչը:
«Այսօր արդեն կարելի՞ է ասել, որ այդ, ինչպես նաև «Ելք»-ի պատգամավորներն էին բնորոշել, սուպերվարչապետի ինստիտուտը կոնկրետ մի անձի համար է ստեղծվում», - այս հարցին էլ Արարատ Միրզոյանը արձագանքեց․ - «Միանշանակ, պատրանքներ պետք չի ունենալ խորհրդրանական համակարգի ձևավորման վերաբերյալ, սա խորհրդարանական համակարգ չի՝ սա սուպերվարչապետական համակարգ է, որտեղ վարչապետը ունի շատ ավելի մեծ, լայն, ուժեղ լիազորություններ, քան ունի նախագահը՝ էս դեռ գործող Սահմանադրությամբ»:
Հայաստանի չորրորդ նախագահին խորհրդարանը ընտրելու է մարտի 2-ին: Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ ցանկություն հայտնելով մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, սփյուռքահայության ներկայացուցիչների հետ: