Շարմազանով․ Շատ բան կախված է Արմեն Սարգսյանի և ընդդիմադիր խմբակցությունների հանդիպումից

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Նախ, դեռ Արմեն Սարգսյանը չի որոշել՝ առաջադրվում է, թե՝ ոչ, որպեսզի Հանրապետականն էլ որոշի՝ բանակցություն վարի, թե չվարի: Այսպես արձագանքեց իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հարցին, թե Հանրապետականը բանակցություններ վարե՞լ է, վարո՞ւմ է կամ մտադի՞ր է վարել «Ծառուկյան» դաշինքի հետ, որպեսզի Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության առաջին փուլում կողմ քվեարկեն Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ առաջիկա օրերին Արմեն Սարգսյանը կունենա հանդիպումներ ընդդիմադիր խմբակցությունների հետ: Երբ որ ինքը կիրականացնի որոշում, և մենք․․․ Միգուցե ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են, որ իրենք կո՞ղմ են քվեարկելու, և Հանրապետականի՝ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի՞ լինում: Ես չեմ կարող ասել: Շատ բան կախված է նախագահի՝ մեր առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանի և ընդդիմադիր խմբակցությունների հանդիպումից», - ասաց Շարմազանովը հինգշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցում:

Նա հայտնեց, որ Ազգային ժողովի ղեկավարության մի մասն էլ, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը և ինքը, դեռ չեն հանդիպել Արմեն Սարգսյանի հետ, քանի որ Հանրապետական խմբակցության հետ վերջինիս հանդիպման ժամանակ գործուղման մեջ են եղել, և հավելեց․ - «Մենք էլ առիթ կունենանք, կհանդիպենք, նաև պատկերացում կկազմենք պարոն նախագահի թեկնածուի ծրագրերից: Ես ինքս չեմ էլ հանդիպել դեռ, որ խոսեմ իր ծրագրերից»:

Հայաստանի չորրորդ նախագահին խորհրդարանը ընտրելու է մարտի 2-ին: Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ ցանկություն հայտնելով մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, սփյուռքահայության ներկայացուցիչների հետ:

Բաքվի պահվածքը «հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի»

«Ազատության» հարցին, որ «ապրիլից հետո հնարավո՞ր է ակտիվացում ղարաբաղյան բանակցություններում, հաշվի առնելով նաև նախագահների վերջին՝ Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպումը», իշխող կուսակցության խոսնակը պատասխանեց․ - «Ադրբեջանի վերջին պահվածքը հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի: Դա և նրանց կրակոցն է, որից զոհվեց հայ զինվոր, ի դեպ, դա տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո, և երկրորդը՝ Ադրբեջանի ղեկավարի էսօրվա հայտարարությունները, որոնք լրիվ, ամբողջությամբ հակասում էին այն տրամաբանությանը, որը ներառված է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի հայտարարություններում»:

«Հաջորդը՝ եթե մենք ակնկալում ենք առաջընթաց, մենք ասելով՝ բոլոր կողմերը, ապա պետք է հասկանանք, որ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհնար է որևէ բեկում մտցնել բանակցային գործընթացում», - շեշտեց Ազգային ժողովի փոխնախագահը:

Հիշեցնենք՝ անցած տարվա հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները:

Այս տարվա հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումից հետո էլ հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ: