Արբիտրաժային դատարանը թույլ չտվեց ռուս 45 մարզիկի և 2 մարզչի մասնակցությունը Փհենչհանի Օլիմպիադային

Օլիմպիական դրոշը և Ռուսաստանի դրոշը Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ, փետրվար, 2014թ․

Սպորտի արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ ռուսաստանցի 45 մարզիկներ և 2 մարզիչներ չեն կարողանա մասնակցել Հարավային Կորեայում առաջիկա ժամերին մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերին։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արդեն ողջունել է ժամեր առաջ դատարանի կայացրած որոշումը՝ ընդգծելով, որ դոպինգի դեմ պայքարի հարցում գնահատում են դատարանի աջակցությունը։

Անցած տարվա դեկտեմբերին, հիշեցնենք, ՄՕԿ-ը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հավաքականի դեմ՝ 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին առնչվող դոպինգային սկանդալի պատճառով։ ՄՕԿ-ը արգելեց Ռուսաստանի հավաքականին մասնակցել առաջիկա ձմեռային Օլիմպիադային:

Անցած շաբաթ մարզական արբիտրաժային դատարանը բավարարել էր 28 ռուս մարզիկների վերաքննիչ բողոքն ու չեղարկել ՄՕԿ-ի որոշումը, որով նրանք ցմահ զրկվել էին Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: