ԱԺ-ում շարունակվում են բուռն քննարկումները անվտանգության խորհրդի նոր կազմի շուրջ

ԱԺ նիստում, արխիվ

Ինչու 2018-ի ապրիլից հետո կազմավորվելիք՝ Ազգային անվտանգության խորհրդում չեն ընդգրկվելու հանրապետության նախագահն ու Ազգային ժողովի նախագահը: Այս հարցն այսօր դարձյալ բանավեճի առիթ դարձավ խորհդարանում՝ անվտանգության խորհրդի մասին օրինագծի քննարկման ժամանակ: 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրության պահանջով՝ Հայաստանը պետք է 2018 թվականի ապրիլից հետո նոր անվտանգության խորհուրդ ձևավորի:

Այժմ գործող Ազգային անվտանգության խորհուրդը կազմավորվել է 2005 թվականին ընդունված Սահմանադրության պահանջներին համապաասխան: Այն գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 14 անդամից բաղկացած ներկայիս ԱԽ կազմում ընդգրկված են Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Առաջիկա ապրիլին, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2015-ին ընդունված Սահմանադրությունը, նոր անվտանգության խորհուրդն արդեն պետք է ղեկավարի վարչապետը: Այժմ խորհրդարան բերված օրինագիծն առաջարկում է 10 անդամից բաղկացած խորհրդի կազմում վարչապետից բացի ընդգրկել նաև առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին, անվտանգության խորհրդի քարտուղարին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ոստիկանապետին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եթե օրինագիծն ընդունվի այս տեսքով, խորհրդի կազմում չեն ընդգրկվի երկրի նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և գլխավոր դատախազը։

Այն, որ նոր նախագահն ու Ազգային ժողովի խոսնակը տեղ չեն ունենալու նոր անվտանգության խորհրդում, ընդդիմադիր պատգամավորները խնդրահարույց են համարում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյան այսօր հայտարարեց․ «Երկրի նոր նշանակված նախագահին պետք չի զրկել այդ խորհրդի նիստերին մասնակցելուց: Ի՞նչ է նշանակում՝ գործադիր մարմին․․․ հետո ի՞նչ: Երկրի նախագահն էնտեղ նստած՝ քննարկում են անվտանգությանը, պաշտպանությանը վերաբերող կոնկրետ հարց, ու այդ մարդը չի մասնակցու՞մ: Բա էլ ինչու՞ ենք բերել այդ մարդուն»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց․ «Եթե Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է պառլամենտական պետության ժամանակաշրջան, ապա պառլամենտի առաջ որևէ փակ դուռ չպետք է լինի: Էստեղ իշխանության տարանջատման մասին չէ խոսքը, մենք մոռանու՞մ ենք, որ Ազգային ժողովը դա պատերազմ հայտարարող և խաղաղություն հայտարարող մարմին է, թիվ մեկ քաղաքական մարմինը»:

Մինչդեռ՝ իշխող Հանրապետականի և կառավարության ներկայացուցիչները վստահ են՝ եթե անվտանգության խորհրդում ներկայացված լինեն նաև նախագահն ու խորհրդարանի խոսնակը, ապա կխախտվի իշխանության ուժերի տարանջատման սկզբունքը: Ազգային ժողովի փոխխոսնակ՝ հանրապետական Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Օրենսդիր իշխանության գործառույթը չէ՝ մտնել գործադիր կամ դատական իշխանության ուղղակի գործողության ոլորտ: Ինչպես նաև՝ գործադիրի կամ դատականի ֆունկցիան չէ՝ մտնել մեր՝ օրենսդիրի ուղղակի գործողության ոլորտ: Պետության գլուխ՝ չի նշանակում, որ ինքը առաջին ջութակն է, բոլոր պառլամենտական համակարգերում ինքը Սահմանադրության երաշխավորն է»:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն, իր հերթին, նշեց․ «Եթե դուրս գանք իրավական կարգավորումներից, դժվար է պատկերացնել ԱԺ նախագահին մի մարմնում, որի ղեկավարը վարչապետն է»:

Բանավեճ հարուցած մյուս հարցը վերաբերում էր ստեղծվելիք անվտանգության խորհրդի անդամներից մեկին՝ առաջին փոխվարչապետին: «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը պնդեց՝ Սահմանարդությունը չի նախատեսում նման պաշտոն, ուստի՝ նոր օրինագիծը Սահմանադրությանը հակասող դրույթներով համալրել չի կարելի: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը չհամաձայնեց այդ պնդմանը, ասելով՝ Սահմանադրությունն այս հարցում որևէ արգելք չի նախատեսում: Ըստ նրա, առաջին փոխվարչապետի պաշտոնն ընդամենը լիազորությունների որոշակի շրջանակ է ենթադրում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց․ «Ստացվել է իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը չորով պետք է գցի Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով: Հիմա Սահմանադրության մասին որ խոսում ենք, սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է»: Օրինագծի քննարկումն այսօր առաջին ընթերցմամբ ավարտվեց: