Թումանյանի տուն-թանգարանն արդեն պատրաստվում է Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանին

Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, արխիվ:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը մայրաքաղաքի լավագույն մշակութային կենտրոններից մեկն է, որտեղ պարբերաբար տեղի են ունենում թե՛ նորանոր ցուցադրություններ, թե՛ գրքերի շնորհանդեսներ, թե՛ ամենատարբեր բնույթի միջոցառումներ մանուկների, նաև Թումանյանի արվեստի երկրպագուների համար:

Բացի այդ, քաղաքի կենտրոնում դեռ 1953 թվականից՝ Ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ հիմնադրված տուն-թանգարանը երբեք այցելուների պակաս չի ունեցել։

Ի դեպ, թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, որոնք խորհրդանշում են Հովհաննես Թումանյանի ապրած տարիները: Թանգարանում պահպանվում է ավելի քան 18 հազար ցուցանմուշ: Թանգարանն ունի մանկապատանեկան թատերախումբ, ակումբ մանուկների համար, որտեղ ամենատարբեր ծրագրեր են իրագործվում:

Տարիներ ի վեր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը մեծ բանաստեղծի տուն-թանգարանում է մեկտեղում ոչ միայն նրա թողած գրական ժառանգության հետևորդներին, այլև դպրոցներում, բաձրագույն ուսումնական հաստատություններում նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Հաջորդ տարի կլրանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որին նրա տուն-թանգարանը արդեն նախապատրաստվում է:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե այս տարի թանգարանն ինչ է նախապատրաստել բանաստեղծի ծննդյան օրը, Նարինե Թուխիկյանը պատասխանեց․ - «Այս տարի, ճիշտն ասած, մենք շատ բաներ չենք անում, որովհետև ամբողջությամբ լծված են եկող տարվա 150-ամյա նախապատրաստությանը»:

Խոսելով թանգարանի գործունեության մասին՝ տնօրենն ասաց․ - «Մենք հաջողություններ գրանցել ենք շատ, շատ: Եվ դա միայն տնտեսական բաղադրիչը չէ, որը էլի բացարձակ կատարված է, մի բան էլ ավել: Ուղղակի ես արդեն զզվում եմ էդ տնտեսական բաղադրիչ հասկացությունից մշակույթի մեջ: Մեկ գիրք ենք հրատարակել՝ Թումանյանի քառյակները՝ իր ինքնագրով և տպագիր տարբերակով»:

Անդրադառնալով թանգարանի բյուջեին՝ Թուխիկյանն ասաց․ - «Այս տարի բյուջեն կրճատված չի դեռ: Բայց, ցավոք սրտի, ամեն ինչ դեռ առջևում է, մենք չգիտենք ինչ կլինի»:

Տնօրենի խոսքով՝ թանգարանի կարևորագույն հիմնախնդիրը շենքի վերանորոգում է 150-ամյակի առիթով․ - «Հասկացանք, որ չի լինելու: Դրա համար մենք հիմա այդ թեման լրիվ փակել ենք․․․ Թումանյանի ստեղծագործությունների թարգմանություններ և դրսում դրանց տպագրությունը և տարածումը օտարների մեջ, իր ճանաչելիության բարձրացումը: ՅՈւՆԵՍԿՕ-ն Թումանյանին ներառեց 2018-19 թվականի իր օրացույցում: Մենք շուտով կունենանք ակադեմիական տասհատորյանի նոր՝ վերախմբագրված հրատարակումը թանգարանի արտաբյուջետային միջոցների հաշվին: Անում ենք ակադեմիայի Գրականության ինստիտուտի հետ»: