Ռուսաստանի ԿԸՀ-ն գրանցեց նախագահի ևս երեք թեկնածուի

Ռուսաստան - ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան Գրիգորի Յավլինսկուն է հանձնում նախագահի թեկնածուի վկայականը, Մոսկվա, 7-ը փետրվարի, 2018թ․

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի ևս երեք թեկնածուի է գրանցել՝ մարտի 18-ի ընտրություններին մասնակցելու համար: Այսպիսով, գրանցված թեկնածուների թիվը հասավ վեցի:

Երեկ հանձնաժողովն ընդունեց «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովի, «Բոլոր ռուսաստանցիների միություն» կուսակցությունից Սերգեյ Բաբուրինի և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկու հայտերը:

Քննադատների պնդմամբ՝ առաջադրված թեկնածուների մեծ մասը քող է ստեղծում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի անարգել հաղթանակի համար:

Հիշեցնենք, Պուտինի թեկնածությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է փետրվարի 6-ին: Նախագահի մյուս թեկնածուներն են Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը: Ընտրություններում առաջադրվելու մտադրություն է հայտնել նաև լրագրող Քսենիա Սոբչակը:

Անցած տարվա վերջին ԿԸՀ-ն հրաժարվեց որպես նախագահի թեկնածու գրանցել Պուտինի կոշտ ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիին՝ քրեական գործում ներգրավված լինելու պատճառաբանությամբ: