ԼՂ ՊՆ․ Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ ժամը 13:50-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող Հայկ Ռազմիկի Քալանթարյանը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեին ավելի ուշ տարածած հաղորդագրությունում տեղեկացնում է, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

«2018 թվականի փետրվարի 07-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: