«Սա հնարավորություն է տալիս բոլոր երեխաներին երազանքն իրականություն դարձնել, և ես ուզում եմ քաջալերել ավագին՝ Հենրիխ Մխիթարյանին, որ իր ազգային թիմով խաղա և վստահություն ձեռք բերի, հաջորդ անգամ հաղթահարելու աշխարհի գավաթի որակավորման փուլը: Եվ այստեղ գալով հույս ունենք, որ զարկ կտանք ֆուտբոլի տարածմանը Հայաստանում, և իհարկե, ՖԻՖԱ-ի մրցաշարում խաղալու հնարավորություն կլինի», - ասաց նա:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ոսկե գավաթի շրջագայությունն աշխարհի տարբեր երկրներով սկսվել է դեռևս 2006 թվականին: Առաջին անգամ գավաթն այցելել է 29 երկիր՝ ավելի քան 175 հազար երկրպագուի հնարավորություն տալով լուսանկարվել դրա հետ: 2010 թվականին գավաթը եղավ 84 երկրում, իսկ 2014-ին՝ 90 երկրում՝ մեկ միլիոնից ավելի երկրպագուի հնարավորություն տալով լուսանկարվել:
Այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթի շրջագայության սկիզբը մեկնարկեց Ռուսաստանից: 2018 թվականի մայիսին ոսկեզօծ գավաթի շրջագայությունը կավարտվի, այցելելով 91 քաղաք:
Ոսկեզօծ գավաթի նկատմամբ հատուկ հսկողություն էր սահմանված: Ազատության հրապարակում հերթեր էին գոյացել․ հայ ֆուտբոլասերները հավաքվել էին գավաթը տեսնելու և լուսանակրվելու համար:
«Տպավորությունները շատ լավն են, քանի որ Հայաստանում աննախադեպ բան է տեղի ունենում», - «Ազատության» հետ զրույցում ասաց երկրպագուներից մեկը:
«Կցանկանայի Մխիթարյանը մեր թիմով արժանանար էս գավաթին, ես էլ կողքը կանգնած նկարվեի», - հավելեց մեկ ուրիշը:
Այսօր ավելի ուշ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Սարգսյանը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքէջը։
Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները և ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոնները, նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:
Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը 2018 թվականին կկայանա Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մեկամսյա առաջնության մեկնարկը կտրվի հունիսի 14-ին: