Հայաստանը դառնում է սուպերվարչապետական երկիր. Էդմոն Մարուքյան

Ստորև ներկայացնում ենք մի հատված ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ մեր զրույցից։

«Ազատություն». ֊ Ես կուզենամ անդրադառնալ, մասնավորապես, ներման մասին օրինագծին, որն արդեն իսկ բերվել է խորհրդարան և Դուք նույնպես ունեք այդ մտահոգությունը, որ Սահմանադրությամբ ներում շնորհելու՝ նախագահի լիազորությունը օրենքով կարծես թե փորձում են վերապահել վարչապետին։

Էդմոն Մարուքյան. ֊ Իրենք տարբեր մեկնաբանություններով ամեն բան անում են, որ նախ՝ իրենց ինչպես պետք է, այդպես մեկնաբանեն, և, ըստ էության, նաև նախագահի ինստիտուտի նսեմացմանն է սա ուղղված։ Այսինքն, ի սկզբանե նախագահը այնպես չէ, որ մի հզոր լիազորություններով օժտված է, մի բան էլ՝ ձեռքից ուզում են խլեն։

«Ազատություն». ֊ Ինչո՞ւ է դա արվում։

Էդմոն Մարուքյան. ֊ Ուղղությունը հետևյալն է՝ ամեն բան անել՝ այսօրվա նախագահի լիզորությունները տալ ապագա վարչապետին։ Այս ամեն ինչը արվում է մի բանի համար, որ սուպերվարչապետական ինստիտուտը ստեղծվի և պահպանվի։ Այսինքն, անունը վարչապետ է, նախագահ չի, բայց այսօրվա նախագահի լիազորությունները, մի բան էլ ավել՝ ունենալու է։ Որովհետև այնպիսի լիազորություններ, որ հիմա ունի Անվտանգության խորհրդի համատեքստում, այսօր չկա նման բան։

«Ազատություն». ֊ Հաշվի առնելով բոլոր այս օրինագծերը, որտեղ, օրինակ՝ ներման իրավունքը, որը թեև Սահմանադրությամբ տրված է Հայաստանի չորրորդ նախագահին, սա օրենքով փորձում են վերապահել վարչապետին, անվտանգության խորհրդից դուրս են թողնում Հայաստանի չորրորդ նախագահին, Դուք ունե՞ք մտավախություն, որ երկրի կառավարման խորհրդարանական մոդելի անվտան տակ իրականում, նաև այս օրենքների միջոցով, ստեղծվում է սուպերնախագահական երկիր։

Էդմոն Մարուքյան. ֊ Սուպերվարչապետական։

«Ազատություն». ֊ Անունը ուղղակի վարչապետ է։

Էդմոն Մարուքյան. ֊ Այդ տերմինը ես եմ դրել շրջանառության մեջ, որ Հայաստանը դառնում է վարչապետական երկիր։ Այդպիսի համակարգ, ըստ էության, գոյություն չունի, կա կիսանախագահական, կա նախագահական, կա խառը։ Հիմա ինքը տոտալ վարչապետական երկիր է և սա նոր բան է, սա հայերն են հնարել և հետաքրքիր է նայել այն մարդկանց դեմքերին, ովքեր սահմանադրական փոփոխությունների այդ փաթեթը ներկայացնելիս՝ հայեցակարգի ժամանակ, ինչ էին ասում։

Զրույցն ամբողջությամբ դիտեք ստորև ներկայացված տեսանյությում։